ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ-ին իրականացված ստուգումների արդյունքում գնումների կազմակերպման գործընթացում բացահայտել էր բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Մասնավորապես ՎՊ-ն բացահայտել էր, որ որոշ ապրանքների գնման պայմանագրերը չեն կնքվում տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող կազմակերպության հետ, ինչի արդյունքում առաջանում է միջնորդավորված գնում:
Ըստ ՎՊ-ի` եղել են դեպքեր, երբ տվյալ ապրանք ներմուծող կամ արտադրող ընկերությունը մասնակցել է համապատասխան մրցույթին եւ իբրեւ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնող` հաղթող չի ճանաչվել: Արդյունքում որեւէ միջնորդ կազմակերպություն հաղթող է ճանաչվել եւ այդ ապրանքը նախապես ձեռք բերել այդ նույն ներմուծողից կամ արտադրողից, եւ հետագայում մատակարարել համապատասխան գերատեսչությանը: Որոշ միջնորդ կազմակերպություններ նույնիսկ այնքան են «մասնագիտացել» պետական գնումներում, որ մասնակցում եւ հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում եւ մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ: Իսկ այդ ամենը, բնականաբար, հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը:
Վերը նշված մեխանիզմի վառ օրինակներից է հետեւյալը. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012 եւ 2013 թվականներին «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր: Սակայն նշված ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ: Այս պատճառով էլ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ն իր հերթին պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ:
Ի դեպ, ՎՊ-ի տվյալներով` «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը, որոնք ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ ԳՆ-ում ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար, հանդիսանում են «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ, որն էլ գործում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:
Ավելին՝ «Ագրո էյր Սերվիս» ՍՊԸ-ի՝ 2012թ.-ի հասույթի 100%-ը եւ 2013թ.-ի հասույթի 94.65%-ը ձեւավորվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից: ՎՊ ստուգումների արդյունքում պարզ է դառնում, որ եթե ԳՆ-ն տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն 510 հազար 100 դրամ:
Սակայն ԳՆ-ն այս խնդրի շուրջ ունի իր բացատրությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ն, որն առաջարկել է ծառայությունները մատուցել 1հեկտարի համար 7200 դրամով: «ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով տարվել են բանակցություններ, որոնց արդյունքում առաջարկված գինը նվազեցվել է եւ կազմել 6900 դրամ: Կատարողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերում նշվել է ԱԱՀ-ի մասին տեղեկատվություն, որը արտացոլված չէ վերահսկիչ պալատի միջանկյալ եւ վերջնական արձանագրությամբ նշված գումարների հաշվարկներում»: Փոխնախարարի պնդմամբ` ԳՆ-ն բույսերի պաշտպանության միջոցառումների շրջանակներում ձեռք է բերում ՀՀ տարածքում անտառային վնասատուների դեմ պայքարի ծառայություններ, այլ ոչ թե վարձակալում դրա համար անհրաժեշտ միջոցները, օրինակ` ուղղաթիռ:
Իսկ ահա ՎՊ-ի կողմից արձանագրված 45 մլն 510 հազար 100 դրամ հնարավոր տնտեսման կապակցությամբ, մեր զրուցակիցն ասաց, որ 2012-13-ին ԳՆ-ի եւ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 132 մլն 173 հազար դրամ: «Ըստ ՎՊ-ի` «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ում կատարած հանդիպակաց ստուգման արձանագրության` ՍՊԸ-ի 2012-13 թթ. ծախսերը ԳՆ-ին մատուցած ծառայությունների շրջանակներում կազմել են համապատասխանաբար 44 մլն 834 հազար 500 եւ 49 մլն 286 հազար 300 դրամ: ՍՊԸ-ի կողմից ԳՆ-ին տրամադրված ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության կայքից արտահանված տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ն 2012-13թթ. ընթացքում ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 10 մլն 700 հազար դրամ: Հարկ եմ համարում նշել, որ ՎՊ-ի կողմից արձանագրվել է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի՝ 2012-ի հասույթի 100% եւ 2013-ի հասույթի 94,65% կազմում են ԳՆ-ի հետ կնքված պայմանագրերը: Հաշվի առնելով սա, ակնհայտ է, որ պայմանագրերի ընդհանուր գումարի եւ ծախսերի տարբերությունը կազմում է 27 մլն 352 հազար 200 դրամ, որն էլ իր հերթին կազմում է 2012-2013թթ. կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի շուրջ 20.6 %»,-բացատրեց փոխնախարարը` կրկին հավաստիացնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գործընթացն իրականացրել է ՀՀ գնումների մասին օրենսդրությանը համապատասխան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ