«Ամենաուշը 2016-ին սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հանրային խորհրդում քննարկումներ էին ընթանում սահմանադրական փոփոխություների շուրջ: Նիստի ժամանակ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց փոփոխությունների անհրաժեշտությունը:

Նա նախ նշեց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ 2015թ. վերջին կամ 2016 թ. սկզբին, Հայաստանում կկայանա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 

Նրա խոսքով` աշխարհում մի շարք զարգացումներ են եղել, որոնց Հայաստանը գործնականում իրավասահմանադրականորեն համապատասխանելու խնդիր ունի: Նա նշեց, որ խնդիր ունենք իշխանության թևերի տարանջատման, դատաիրավական, մարդու իրավունքների ոլորտներում և այլն:

«Վերջնական լուծումներ չկան, առաջարկներ են: Մենք մեր կարծիքը չենք փորձել փաթաթել մարդկանց, ասել ենք` կան այսպիսի խնդիրներ, և ձեր հետ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնենք»,- նշեց  Գ. Հարությունյանը` հավելելով՝ առաջին անգամն է, որ նման լուրջ հարցի վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում: 

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էլ նշեց, թե կիսանախագահական համակարգում գերկենտրոնացման և համակեցության խնդիրները լուծում չունեն: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ ևս կիսանախագահական համակարգ է, և որտեղ «լուծումներ կան»՝ ի տարբերություն Հայաստանի:

«Հայաստանում քիչ թե շատ պայծառ անձնավորություններ կան, բայց Հայաստանում էլիտան գորշ է, դրա համար էլ մարդիկ շատ անգամ հույսը կապում են պայծառ անհատների հետ, ոչ թե՝ գորշ խմբերի»,- ասաց Վազգեն Մանուկյանը: 




Լրահոս