«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:
Այս փաստը «Ժողովուրդ»-ը բացահայտել էր՝ ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ:
Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները` հայտարարելով, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար, նշելով նաեւ, որ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողությամբ:
Փաստորեն ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, եւ այս հակասության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետեւաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար:
Արդյունքում ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունն անուղղակի հաստատում է, որ փաստացի գազի գինը սահմանին կազմում է 1000 խմ-ն՝ 220 դոլար»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: