«ԳԵՇ ԽԱՍՅԱԹ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,   Ռոբերտ Քոչարյանն  օրերս մեկնել էր Մոսկվա` մասնակցելու  «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին:  Նաեւ նշել էինք, որ Քոչարյանը Հայաստան է վերադառնալու մարտի 4-ին`  Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Հենց այս փուլում  Հայաստանի նախկին նախագահի` Մոսկվայում գտնվելու փաստին փորձագետների կողմից տրվում է երկու տարբեր բացատրություն: Ոմանց կարծիքով, հենց Սերժ Սարգսյանն է խնդրել Ռոբերտ Քոչարյանին մեկնել Մոսկվա` այդպիսով  հնարավոր  ամենաբարձր  մակարդակով  աջակցելու Պուտինին: Ի վերջո, Ռուսաստանում  ապրող հայերի քվեն բավական կարեւոր գործոն է, որի կողմնորոշումը վերահսկելու, ավելի շուտ նման իմիտացիա անելու համար էլ, թերեւս,  անհրաժեշտ էր Հայաստանից բարձրաստիճան   որեւէ  դեմքի ներկայությունը: Իսկ ինչու  իմիտացիա, քանզի հայտնի է, որ ռուսաստանաբնակ հայերի մեծ մասը ձայները տալու է իշխանությանը` սեփական բիզնեսը չկորցնելու պարզ պատճառաբանությամբ:  Ինչեւէ,  համաձայն մյուս վարկածի՝ Քոչարյանին Մոսկվա է հրավիրել Վլադիմիր Պուտինը` քննարկելու իր առաջիկա հաղթանակից հետո Հայաստանի հետ կապված ծրագրերը եւ այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանին վերապահված դերակատարության չափը:  Թե այս տարբերակներից որն է իրականությանն ավելի մոտ, դժվար է ասել: Կարելի է միայն ենթադրություններ անել` աչքի առաջ ունենալով  ՀՀԿ-ԲՀԿ  վերջին զարգացումները: Մասնավորապես  «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից երեկ կոալիցիոն գործընկերներին մատուցած տհաճ անակնկալը` «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի տապալման տեսքով, ինչը ՀՀԿ-ականների կողմից դիտվեց որպես  «անհասկանալի կեցվածք» եւ «կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում»:  Պակաս հետաքրքիր չէին  նաեւ կոալիցիոն պայմանավորվածությունների մասով երկու կուսակցությունների երեկվա հայտարարությունները: Եթե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով փետրվարի 17-ին կոալիցիոն հուշագրի թարմացման հնարավորությանը,  հայտարարեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ես չեմ բացառում»,  ապա ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը մամուլում շրջանառվող այս տեղեկատվությանն արձագանքեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կոալիցիոն  նոր հուշագրի ստորագրման թեմա չի քննարկվել»:  Այսպիսով՝ անցած երկու օրվա  ընթացքում ԲՀԿ-ն տեսանելիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը: Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը 9 օր առաջ  Սերժ Սարգսյանի մոտ կայացած նիստում ԲՀԿ առաջնորդը կառուցողական կեցվածք էր դրսեւորել: Եթե այս փոփոխությունը դիտարկում ենք Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան կոնսուլտացիաների համատեքստում,  ապա  պարզ է դառնում, որ  «Սիստեմա» ընկերությունը  Քոչարյանին անհրաժեշտ օրերին  նիստեր հրավիրելու «գեշ խասյաթ» ունի:




Լրահոս