«168 ժամ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր թիվ մեկ խնդիրը հռչակեց տնտեսության աճը։
Հայտնի ճշմարտություն է, որ որեւէ արդյունք ստանալու համար հարկավոր է ներդրումներ կատարել։ Եվ ահա Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել ամեն գնով ֆինանսական միջոցներ գտնելու սուրբ գործին։ Առավել եւս, որ ստացած ժառանգությունը կատարյալ անմխիթար վիճակում է։
Իհարկե, համաձայն ենք վարչապետի հետ, հարկավոր են լիարժեք ներդրումային ծրագրեր, որոնք արժանի կլինեն ներդրողների ուշադրությանը։ Բայց չպետք է մոռանալ մոտ անցյալը՝ վերջին տարիներին կառավարությունը մշտապես զբաղված է եղել նման ներդրումային ծրագրերի մշակմամբ։ Այդ ծրագրերը մշակվել եւ ուղարկվել էին եվրոպացի գործընկերներին, բայց այդպես էլ մնացին թղթի վրա։ Իսկ եթե խնդիրը բարեհունչ ծրագիր գրելն է, ապա Հովիկ Աբրահամյանը կարող է ժամանակ չկորցնել ու հրավիրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով այդ գործի անփոխարինելի վարպետ էր։ Նա գուցե անգամ համաձայնի այդ աշխատանքը կատարել հասարակական հիմունքներով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։