ՆԱԽԱՐԱՐ ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՎԵՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի օր պարոն Քուշկյանը նայել է «Նաիրի» բժշկական կենտրոնի պատուհանից եւ ասել, թե` «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Ու նրան դուր չի եկել, որ իր տիրույթին հարակից տարածքում` քարափի գլխին համարձակվել է ծվարել սեփականության իրավունքով «ոմն» ազատամարտիկի պատկանող մի սրճարան»,-խմբագրություն ուղարկված նամակում գրել է Վաչագան Չիբուխչյանը:Նամակի հետքերով գնալով, պարզեցինք, որ նախկին ազատամարտիկ Վաչագան Չիբուխչյանը, որը նաեւ  երկրորդ կարգի հաշմանդամ է, Պարոնյան 21 հասցեին հարող տարածքում մի  սրճարան ունի` անմիջապես Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Նաիրի»  բժշկական կենտրոնի դիմաց: 6-ամյա վաղեմություն ունեցող  պատմության սկզբում մի ինչ-որ իրավաբանի միջոցով նրանից պահանջվել էր  քանդել սրճարանի շինություններից մեկի տանիքը, իսկ մերժումից հետո` 2006 թվականի սեպտեմբերի 28-ին, Չիբուխչյանին պատկանող «Քարափ» սրճարանի «մատույցներում» են   հայտնվել Կենտրոնի ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցները` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ, վաղամեռիկ Գրիշա Սարգսյանի  գլխավորությամբ:  «Կազմակերպվեց այսպես կոչված X օպերացիան, որը բարեհաջող` կատաղի հարձակում էր գործել «թշնամու» տարածքի վրա: Այցի հետեւանքով  սրճարանի տարածքը հիշեցնում է ռմբակոծված մարտի դաշտ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նախկին ազատամարտիկը:  Նրա պատմելով` հաջորդ օրն իսկ  քաղաքապետարանի աշխատակիցների ջանքերով կառուցվել է հենապատ, որն ընդգրկելով սրճարանի  ողջ տարածքը` փակում է այնտեղ տանող  բոլոր երեք մուտքերը: Այս վիճակը շարունակվում է մինչ օրս: Նախկին ազատամարտիկը, ով  պնդում է, որ նպատակը բարեկարգումը  չէ, այլ իրեն վնաս պատճառելը, կամ էլ որ մի օր զզվի այս քաշքշուկից եւ տարածքը կամավոր զիջի, հեռակա կարգով  դիմեց  Հարություն Քուշկյանին. «Չէ, պարոն Քուշկյան, հույսեր մի փայփայեք: Մարտական ճանապարհ անցած զինվորի կամքն անկոտրում է: Շատ էլ որ ազատամարտիկներին չեք սիրում: Թե չէ ինչպես բացատրել, որ միայն Ձեզ պատկանող  բժշկական կենտրոնում է, որ ազատամարտիկները չեն օգտվում անվճար բուժօգնությունից»:Վաչագանը  երկու անգամ դիմել է դատարան` տանիքների վերականգնման հայցով,  սակայն   երկու անգամ էլ մերժվել է. առաջին ատյանում` Ժորա Վարդանյանի նախագահությամբ մեկնաբանել են, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ շինություններն ի սկզբանե  տանիք չեն էլ ունեցել, իսկ Վերաքննիչից էլ ներքին  կարգով ակնարկել են, թե իզուր գլուխ մի դիր: Որոշ հույսեր, որ իրավիճակը կփոխվի,  արթնացել էին Գագիկ Բեգլարյանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո:Այս մասին դիմումներ են ուղարկվել նախագահական, Ազգային Ժողով, Կառավարություն, բայց ապարդյուն:  «Հենապատ կառուցելու համար գոնե 6 մետր տարածք պետք ա թողնեն ինձ: Լրիվ  փակին, սարքին Չինաստանի զաբոռը: Մեր` ազատամարտիկներիս պայքարելու ճանապարհը մեկն ա: Մեր համբերությունն էլ դանայան տակառ չէ: Ինչ է` ոմանք պետք է կռվեն, իսկ մյուսները`  ապօրինության ու թալանի հաշվին  լկտիաբար վայելե՞ն կյանքը: Սասունի  նման կռված մյուս տղաներն էլ  լինեն բանտու՞մ»: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն  այս մեղադրանքներին  չցանկացավ պատասխանել, բայց առաջարկեց դիմել  դատարանում «Նաիրի» բժշկական կենտրոնի շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Մանթաշյանին: Վերջինիս խոսքով` այդ հենապատը գոյություն է ունեցել խորհրդային ժամանակներից եւ քանի որ տարիների ընթացքում  տեսքից ընկել էր` սալիկներն էին պոկվել-ընկել, քաղաքապետարանը որոշում էր ընդունել նշված հասցեում վերակառուցել հենապատը, բարեկարգել տարածքը: Իրենք էլ ի կատարումն քաղաքապետարանի որոշման, իրենց միջոցներով կառուցել են հենապատը. «Մարդը  ասում է` հենապատը իմն ա, ես ունեմ իմ ձեռքին նրա սեփականության վկայականը, որն ասում է, որ իրենը չի: Այսուհանդերձ, նրա հետ վեճի մեջ չմտնելու համար մենք գնացինք նախագծի փոփոխության, այսինքն վերակառուցեցինք ոչ թե հին պատը, այլ նորը շարեցինք: Ասեմ նաեւ, որ ոչ ոք իր մուտքերը չի փակել. այն բացվածքով, ինչ ունեցել են, պահպանված է: Պետք է հասկանալ ինչի մասին է վեճը: Այս պարագայում մենք համարում ենք, որ նրա ոչ գույքի, ոչ իրավունքների որեւէ խախտում` հենապատի վերկառուցման միջոցով տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը: «Ժողովուրդ»-ի այն հիշեցմանը, որ բացի իրավական պատճառներից, ազատամարտիկը խոսում է ձեր իրական նպատակների մասին, այն է` տարածքը կամավոր զիջելու պարտադրանքը, փաստաբանը պատասխանեց. «Ուրեմն բացարձակ որեւէ նկրտումներ ու մտքեր չկան: Ավելին ասեմ` անձամբ ինձ Վաչագան Չիբուխչյանը առաջարկ է արել, որ խնդրում եմ, մտածեք իմ գույքը գնելու մասին, նույնիսկ ասել է պայմաններ: Ըստ այդմ` մեր միջոցներով ավարտին հասցնել Հրազդանի կիրճում, բացօթյա սրճարանի տակ գտնվող, եթե չեմ սխալվում` 400 քմ տարածքով  կիսակառույց շինությունը, որի աշխատանքները դադարեցվել էին ֆինանսական պատճառներով: Այդ ամենի դիմաց նա պատրաստ է այս 3 շինությունները անհատույց մեզ զիջել: Մենք ասել ենք միանշանակ՝ ոչ»:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս