«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերի նախընտրական արդյունքներն արդեն հայտնի են: Կազմակերպիչները կինոսերներին առաջարկում են 58 ֆիլմ աշխարհի 17 երկերներից:
Այս տարի «Ֆրեսկո»-ն առաջարկում է նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կազմակերպիչները նշում են` ի սկզբանե ցեղասպանության թեմայով ֆիլմերի հավաքման նպատակ չի եղել, ամեն ինչ ստացվել է ինքնաբերաբար: «Հայոց ցեղասպանության թեման մեր երկրում արդիական է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական և թե՛ հոգևոր առումներով՝ հատկապես այսօր` 100-րդ տարելիցին ընդառաջ: Կարծում եմ՝ այս հատուկ ծրագիրը հրաշալի առիթ կլինի մեկ անգամ ևս բարձրաձայնելու Ցեղասպանության հարցը, խոսելու ու խորհելու դրա մասին, նայելու խնդրին նաև դրսի աչքերով»,- ասում է փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քհն. Արթենյանը:
Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 6 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված է միայն մեկը:
Հատուկ ծրագրում ընդգրկված է նաև «Ավրորա» հոլիվուդյան ժապավենը` Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 18 րոպեանոց ժապավեն, որը, հեղինակային իրավունքը տնօրինողների համաձայնությամբ, փառատոնին է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փառատոնի ընթացքում կդառնա հատուկ ծրագրի հիմնական գործընկերներից մեկը. այնտեղ կցուցադրվեն ծրագրում ընդգրկված 2 ֆիլմ և կանցկացվի հանդիպում փառատոնի հատուկ հյուրերից մեկի`Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում 2005-ին Մոսկվայում լույս է տեսած «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան ոչ միայն կխոսի հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, այլև կպատմի իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին: