ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն առայժմ չի շտապում հստակեցնել՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված իրենց պատգամավորները կրկին առաջադրվելո՞ւ են, թե՞ ոչ: Այդ անորոշությունը նրանք պատճառաբանում են կուսակցական որոշման բացակայությամբ. սպասում են ՀՀԿ համագումարին: Իսկ ահա ԲՀԿ-ական պատգամավորների դեպքում կարծես թե ամեն ինչ պարզ է. նրանք կրկին առաջադրվելու են նույն ընտրատարածքներում, որտեղից եւ դարձել են պատգամավոր: Այս թեմայով է «Ժողովուրդ»-ի ճեպազրույցն ԱԺ` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ:
Արմեն Պուրտոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Պատրաստվո՞ւմ եք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, թե՞ ոչ:
-Կուսակցությունում այդ հարցը դեռ չեն որոշել, կքննարկենք, կորոշենք:
-Ձեր կուսակցության անդամ, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը հայտարարել է, որ առաջադրվելու է թիվ 13 ընտրատարածքում, որտեղից Դուք պատգամավոր եք դարձել:
-Ես չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ:
-Այնուամենայնիվ, ինքներդ ուզո՞ւմ եք առաջադրվել, թե՞ ոչ:
-Առայժմ մտածում եմ:

Առաքել Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Որոշե՞լ եք՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու եք, թե ոչ:
-Էդ մասին խոսելու ժամանակը չի:
-Ինքներդ ուզո՞ւմ եք:
-Ասում եմ՝ դրա ժամանակը չի:

Սամվել Սարգսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

-Ուզո՞ւմ եք կրկին պատգամավոր դառնալ: Կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով:
-Կուսակցության համագումարից հետո կորոշենք, այսինքն՝ կուսակցությունն ինչպես որոշեց:
-Իսկ ինքներդ ուզո՞ւմ եք առաջադրվել:
-Ես կարող է շատ բան ուզեմ, որ կուսակցությանը ձեռնտու չլինի:
-Այնուամենայնիվ, պատրա՞ստ եք ընտրապայքարի:
-Ես բոլոր դեպքերում պատրաստ եմ անել այն, ինչ կորոշի կուսակցությունը: Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, ու եթե կուսակցությունը որոշի՝ երկրորդ անգամ առաջադրվել, կառաջադրվեմ:

Մելիք Մանուկյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Մի առիթով պատասխանելով մեր թերթի հարցին, թե կրկին առաջադրվելու եք մեծամասնական ընտրակարգով, ասել էիք՝ որոշում չունեք: Հիմա արդեն կողմնորոշվե՞լ եք, թե՞ ոչ, մասնակցելո՞ւ եք մեծամասնականով:
-Դեռ չեմ որոշել:
-Իսկ ցանկություն ունե՞ք:
-Ցանկություն միշտ էլ կա:
-Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն եւս մի շարք ընտրատարածքներում պատրաստվում է իր թեկնածուներն ունենալ: Պատրա՞ստ եք ՀՀԿ-ի դեմ պայքարել:
-Աչքիս վրա, թող դնեն, ի՞նչ է եղել: Շատ ուրախ կլինեմ:

Հրանտ Մադաթյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Այո՛, առաջադրվելու եմ:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՕԵԿ-ը եւս Ձեր ընտրատարածքում պատրաստվում է իր թեկնածուն ունենալ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տեղեկություններին:
-Դրանք ընդամենը խոսակցություններ են: Երբ գա առաջադրման ժամանակը, թեկնածուներն առաջադրվեն, այդ ժամանակ էլ հստակ կիմանանք՝ ով է մասնակցում մեծամասնական ընտրակարգով:
-Եթե ՕԵԿ-ից, նաեւ՝ ՀՀԿ-ից թեկնածուներ առաջադրվեն, կստացվի՝ իշխանության տարբեր թեւերի միջեւ պայքար է լինելու:
-Իմ կարծիքով` դա իշխանությունների խնդիրը չէ: Ամեն մարդ կարող է առաջադրվել, հանդես գալ: Հիմա թե պայքարի մեջ քանի հոգով կմտնենք, կերեւա որոշ ժամանակ հետո:
-Առաջադրվելու վերաբերյալ Ձեր որոշումը հաստա՞տ է:
-Այո՛, իմ որոշումը հաստատ է: Եթե ամեն ինչ նորմալ լինի, հաստատ է:
Ռոբերտ Թովմասյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Պատրաստվո՞ւմ եք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Այդ հարցը կուսակցությունը դեռ չի որոշել: Ընդամենը կա նախնական որոշում, որ պիտի մասնակցեմ, բայց ես կուսակցական եմ ու կկատարեմ կուսակցության որոշումները, երբ հստակ որոշում լինի, այդ ժամանակ էլ կառաջադրվեմ:
-Դուք պատգամավոր եք դարձել Չարենցավանն ընդգրկող ընտրատարածքից, ծնունդով չարենցավանցի, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ վերջերս հայտարարել էր, թե ինքը եւս առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով, նույնիսկ ասել էր՝ «տղամարդ են, թող իմ դեմ առաջադրվեն»:
-Ես չեմ հիշում, որ հստակ ասել է, թե առաջադրվելու է: Դեբատի ժամանակ է նման խոսակցություն եղել, բայց չեմ հիշում, որ հստակ ասած լինի՝ պետք է առաջադրվեմ:
-Ամեն դեպքում, եթե ստացվի այնպես, որ Վարդան Այվազյանի հետ պայքարեք, պատրա՞ստ եք դրան:
-Ինձ համար տարբերություն չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս