ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը: Սպասվում էր, որ լրագրողի խափանման միջոցի հարցը կքննարկեր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սակայն գլխավոր դատախազությունն, ըստ էության, առաջ անցավ եւ անձամբ փոխեց այն: Արդեն կեսօրին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ էին հավաքվել Հայկի գործընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ ազգային կոնգրեսի անդամներ ու պարզապես քաղաքացիներ: Գեւորգյանին դիմավորեցին մեծ ցնծությամբ: «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Հայկ Գեւորգյանի ազատ արձակումը հետեւանք էր հասարակական ու լրագրողական շրջանակների բուռն արձագանքի: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ Հայկի ազատ արձակման գործում հետեւողականության համար:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Գեւորգյանը, խոսելով հունվարի 13-ի «վրաերթի» մասին, ասաց. «Դա ամենայուղոտ կտորն է, դա պահել եմ հետագայի համար: Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ ինձ կբռնեն հունվարի 14-ին, հետո սպասում էի, որ կբռնեն 15-ին, որ չբռնեցին, մտածեցի կբռնեն 16-ին, ու էդպես ուղղակի ձգձգվեց. ես ամեն օր պատրաստ էի: Տեսնում եք, ինձ տան մոտից են բռնել, ես տաք էի հագնված: Ես ընդհանրապես կասկած չունեի, որ իրենք բռնելու են, որովհետեւ այդ համակարգի ինտելեկտուալ մակարդակը, փառք Աստծո, լավ գիտեմ»: Նա վստահ է, որ այդ ձերբակալությունն առնչվում է իր մասնագիտական գործունեությանը: «Նրանք էլ ուզում են ցույց տալ, թե ինչ է լինում իրենց մասին բացասական բաներ գրողների հետ: Ու, ինչպես տեսնում եք, ես կանգնած եմ ձեր առաջ` ողջ-առողջ»: Իսկ լրագրողի կատակով հարցին, թե որտեղ է թաքնվել իր դեմ հետախուզում հայտարարած օրերին, Գեւորգյանն ասաց. «Երկու անգամ` հինգշաբթի օրերին, թաքնվել եմ կառավարությունում, երկու անգամ ասուլիսներում եմ թաքնված եղել, եւ ամեն օր` թերթի էջերում»: Իսկ կալանավայրից նա բավական լավ հիշողություններ ունի: Ըստ Գեւորգյանի՝ իր  խցում եղել են 8 հոգի: «Ութ տարբեր ճակատագրեր, ութ մարդկային տիպաժներ: Շատ-շատ հետաքրքիր էր, կհավատա՞ք, շատ քիչ եմ քնել, որովհետեւ էնքան էի լսում, էդ մարդկանց խոսացնում: Քանի որ իմ գրիչը ձեռքիցս վերցրել էին, փորձել եմ ամեն ինչը հիշել, եւ հիշել եմ»,-ասաց նա:
Ի դեպ, կիրակի օրը, երբ դեռ Հայկ Գեւորգյանը գտնվում էր կալանավայրում, Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելով, որ Հայկի՝ իբր կատարած վրաերթի մասին ոստիկանության տարածած տեսանյութը շինծու է: Նա հրապարակեց գործով տուժող Աշոտ Ֆրանգուլյանի՝ «ՀԺ» թղթակցի հետ զրույցի ձայնագրությունը, որտեղ նա հերքում էր կոտրվածքներ ստանալը, մինչդեռ ըստ ոստիկանության` տուժողը ձախ ոտքի պճեղի կոտրվածք ունի: Բացի այդ, տեսանյութում Ֆրանգուլյանը պնդում է` իբր իրեն դիպել է «Նիվա» մեքենայի «շիթը»: Ըստ Փաշինյանի` այդ «շիթը» գետնից բարձր է մոտ կես մետր, մինչդեռ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը 10 սանտիմետր: Սա, ըստ նրա, անառարկելիորեն ապացուցում էր, որ Գեւորգյանի վարած մեքենան չէր կարող որեւէ կերպ «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք» պատճառել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս