ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ SMS-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 4-ին բերման են ենթարկել «Ուրարտու» ռեստորանի սեփականատերերից  45-ամյա Աշոտ Երիցյանին: Պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20:00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում մի կնոջ հետ միասին ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, ապա նրան Ա.Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը, Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով, նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը` զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այդ ամենի պատճառը եղել է այն, որ անհայտ անձը sms է գրել մի աղջկա, ով ծանոթ է եղել «Ուրարտու» ռեստորանի տնօրենին: NEWS.am-ի տեղեկացմամբ` այս գործում ընդգրկված է նաեւ  հայտնի «մաֆիոզ» Գագոյի աղջիկը` Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Վերջինս «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է:

ԱՆՄԻՋԱՊԵՍ   
«Պետք է երկխոսել այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, այսինքն` անմիջապես ընտրություններից հետո, երբ բոլորը համախմբված են, բայց ոչ ընտրություններից տարիներ անց»,-անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ 1991 թվականից ի վեր ազատականության մասին միշտ խոսվել է, բայց իրականում այն չի գործել:

ԵԹԵ ՀԻՄԱ ԱՍԵՐ…
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդգես Գասպարիի գործով դատական նիստի ընթացքում վերջինս դատավոր Մխիթար Պապոյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել` ասելով, որ դատախազ Արմեն Աֆանդյանը կողմնակալ է եղել: Ըստ Գասպարիի` քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ նշվել են միայն մեղադրող կողմի վկաները: Հիշեցնենք, որ 2011թ-ի հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի մոտ տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում Գասպարին այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ ասել էր. «Սարգսյա՛ն, խուլիգա՛ն, հանցագո՛րծ»:

ՀԵՏԱՁԳՎԵՑ  
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Տիգրան Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը, որը, սակայն, կրկին հետաձգվեց հայցվորի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանի միջնորդության հիման վրա:  

ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱՆ
«Ի դեմս Դաշնակցության եւ ՀԱԿ-ի` ընդդիմության բավականին լայն ճակատ կա, եւ եթե նույնիսկ միասնություն էլ չլինի, ամեն մեկն իր հերթին բավականին ձայներ կհավաքի, եւ ընդդիմությունն իր ծանրակշիռ տեղը կունենա Ազգային Ժողովում»,-երեկ կարծիք է հայտնել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:




Լրահոս