Այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, որ մասնակցում է քննարկումներին միայն ԵՄ ներկայացուցիչների կողմից հրավիրված լինելու պատճառով:
Անդրադառնալով արդեն Սահմանադրական բարեփոխումներին` նա նշեց, թե այդ բարեփոխումներն իրականացնելու իրավունք են ունենում այն իշխանությունները, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը:
«Հայաստանում ընտրություններին «քվեարկել են» այն անձինք, ովքեր Հայաստանում չեն էլ ապրել: Բոլոր ընտրություններն էլ կեղծված են եղել», – հայտարարեց նա, հավելելով, թե «Ժառանգությունը» համաձայն է, որ Հայաստանին պետք են Սահմանադրական փոփոխություններ, սակայն՝ ոչ այս իշխանությունների հետ:
«Մենք պատրաստ ենք համագործակցության ԵՄ հետ, և այն հարցերը, որոնց քննարկմանը կմասնակցենք, կլինի ձեր կողմից հրավիրվելու դեպքում: Մենք գտնում ենք, որ մեզ պետք է խորհրդարանական կառավարման համակարգ, պետք է կուսակցությունների կայացվածություն և, իհարկե, 100 տոկոս համամասնական համակարգի անցնելու կարևորություն», – հավելեց նա: