Ս. Սարգսյանը պետք է պատասխաներ Նազարբաևին. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, թե Հայաստանը Եվրասիական միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված  սահմաններով, այսինքն` առանց ԼՂ-ի, շարունակվում է բուռն քննարկվել Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ  Հայաստանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն,  սակայն  ԼՂ խնդիրն այլ հարց է: Պատգամավորը վստահ է` Եվրասիական միություն մտնելը չի խոչընդոտի Արցախի խնդրի լուծմանը:

Քաղաքական գործչի խոսքով`  մտնելով Եվրասիական միություն՝ Հայաստանն իր իրավունքների որոշակի մասը զիջում է՝ ընդհանուր միության տված իրավունքներից օգտվելու համար:

Լեռնիկ Ալեքսանյանի ընդդիմախոս, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ կարելի էր չմասնակցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Տնտեսագետին զայրացրել է Ղազախստանի  նախագահի հայտարարությունը, որը, նրա խոսքով, մեղմ ասած, առաջացրեց զզվանք հայ ժողովրդի  մոտ:

«Ես կոչ եմ անում շատ հայհոյանքներ չուղղել նրան: Մեր բոլորի համար դա վիրավորական հայտարարություն էր»,- ասաց Բոստանջյանը:

Armlur.am-ին  հարցին` պետք է  Սերժ Սարգսյանն անմիջապես պատասխաներ Նազարբաևին, պատասխանեց. «Այո՛, կարծում եմ պետք է  պատասխաներ»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը, կողմ լինելով Եվրասիական միության անդամակցությանը, այնուամենայնիվ, կարծում է, որ այս համակարգը Հայաստանի շահերը ստորադասում է:

Սոնա Դավթյան




Լրահոս