ՓՐԿԵ՛Ք ԵԼԵՆԱ ՔԱԼԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31-ամյա Ելենա Քալաշյանն ունի ձեր աջակցության կարիքը: Նա տառապում է կրծքագեղձի քաղցկեղով, իսկ հերթական անգամ հետազոտվելուց հետո պարզ է դարձել, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի, այլեւ 18-ից 9 ավշարային հանգույցների վրա են: Բուժման ամբողջ կուրսն անցնելու համար նրան անհրաժեշտ է 54.000 ամերիկյան դոլար, որը, սակայն, Ելենան չունի: Ուստի դիմում ենք մեր ընթերցողներին` խնդրելով ուժերի ներածին չափով օգնել երիտասարդ կնոջը:
Մինչեւ 2010թ. Ելենան ապրել է նորմալ կյանքով` սովորել է, աշխատել ու վայելել կյանքն ընկերների հետ միասին: Ամեն ինչ փոխվել է, երբ նա հանկարծ անհարմարություն է զգացել աջ կրծքի հատվածում: Հետազոտվելով մամոգրաֆիայի կենտրոնում` բժշկական գիտությունների թեկնածու Ա. Խ. Հակոբյանի մոտ, տեղեկացել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի` աջ կրծքագեղձի ծորանային կարցինոմա: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նրան վիրահատել է դոցենտ Ա. Ծ. Ստեփանյանը: Հետագայում գենետիկական հետազոտությունների կենտրոնում «Hercept test»-ը ցույց է տվել, որ իր կարցինոման ունի գենետիկական ծագումնաբանություն` HER2-3+: Այսպիսի ցուցանիշների առկայությամբ քիմիաթերապիային զուգահեռ նրան նշանակել են նաեւ հերցեպտին դեղամիջոցը` 1.120.000 դրամ արժողությամբ, նրան անհրաժեշտ է կուրս` 18 սրվակից կազմված, յուրաքանչյուր կուրսը 20 օրը մեկ (հաջորդ կուրսը 20.02.2012թ.-ին): Նման ահռելի գումարը, Ելենայի կարծիքով, Հայաստանում կարող ես վաստակել` 15 տարի աշխատելով, այն դեպքում, երբ  այլ պետություններում հերցեպտինը տրամադրվում է անվճար` պետբյուջեի հաշվին: Ելենան հիվանդության հայտնաբերման սկզբում ուներ 95 տոկոս բուժման հավանականություն, եթե ժամանակին ընդուներ հերցեպտինը: Սակայն Ելենայի բուժումը ֆինանսական պատճառներով հետաձգվել է. «Միջոցներ չունեի ժամանակին հերցեպտին ընդունելու, եւ այդ պատճառով ինձ մոտ հայտնվեցին մետաստազներ` նորագոյացություններ կմախքի եւ լյարդի վրա` ռեցիդիվ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Ելենան: Շնորհիվ ընկերների, բարեկամների` նա կարողացել է շարունակել բուժման կուրսը, սակայն այժմ նրանց միջոցներն էլ են սպառվել, եւ հույսը բոլոր սրտացավ եւ օգնության ձեռք մեկնելու պատրաստ բարի  մարդիկ են: Ճիշտ է, անհրաժեշտ գումարը մեծ է, բայց եթե ամեն մեկն իր ուժերի ներածին չափով օգնի Ելենային, նա կապաքինվի, որովհետեւ քիմիաթերապիայի ամեն կուրսից հետո  ավելի լավ է զգում իրեն:
Բոլոր այն մարդիկ, որոնք կցանկանան օգնել կյանքով լի այս երիտասարդ կնոջը, կարող են նրա հետ կապվել elen2203yahoo.com էլեկտրոնային հասցեով կամ գումար փոխանցել 1570012274850100 «Ամերիաբանկ»-ի հաշվեհամարին:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս