ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի նախատեսված է Ուկրաինայից Հայաստան ներկրել 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը կբաշխվի մարզերին: Շիրակի մարզի 119 համայնքներին կհատկացվի 3500 տոննա: Արդեն ավարտվել են շահառուների ցուցակագրման եւ գումարի հավաքագրման աշխատանքները: 1 կգ ազոտական պարարտանյութը գյուղաբնակները ձեռք են բերելու 120 դրամով` գործընթացի մեկնարկից օրեր առաջ հայտարարեցին գյուղոլորտի մասնագետները: Մինչդեռ համայնքներում գյուղաբնակներից հավաքագրվել է 6500 դրամ: Թյուրիմացությո՞ւն, թե՞ գերշահույթ ստանալու ցանկություն: Եթե նախապես հայտարարվել էր, որ 1 պարկ պարարտանյութի գինը, ներառյալ տեղափոխման արժեքը կազմելու է 6 հազար դրամ, ապա ինչո՞ւ գյուղացիներից պահանջեցին եւս 500 դրամ ավել վճարել: Խնդիրն այն է, որ լրագրողներն ակտիվորեն սկսեցին լուսաբանել, որ մարզի որոշ գյուղական բնակավայրերում պարարտանյութը վաճառվում է ոչ նախապես հայտարարված գներով: Եւ դա խուճապ առաջացրեց   վարչության աշխատակիցների շրջանում: Նրանք ստիպված եղան նախ հերքել լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, ապա երբ պարզ դարձավ, որ լրագրողները խոսում են փաստերով, կան լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ գյուղապետարանների պատերին գրված է հայտարարություն, որ պարարտանյութն արժե 6500 դրամ, ստիպված եղան այլ միջոցներ ձեռնարկել եւ հայտարարել, որ հետ են տալիս 500 դրամները: Ազոտական պարարտանյութ ստանալու համար ցուցակագրված շահառուներին մինչեւ մարտ ամիս ժամանակ է տրված, որպեսզի նրանք գնան գյուղապետարան եւ հետ ստանան իրենց 500 դրամները: Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունում կատարվածը թյուրիմացություն են համարում` նշելով, թե ծրագրում փոփոխություններն  ավելի ուշ են կատարվել: «Եթե  անգամ մի լումա ավել է հավաքագրված եղել, այդ գումարները հետ ենք վերադարձնելու: Չնայած շատ եզակի դեպքեր են դրանք»,-ասում է վարչության պետ Մովսես Մանուկյանը:
«Մենք արդեն հետ ենք վերադարձրել 500 դրամները: Նախկինում բարձում-տեղափոխումը մնացել էր գյուղացիների վրա: Այդ փորձից ելնելով էինք վերցրել լրացուցիչ 500 դրամ: Հետո իմացանք, որ այդ ծախսն էլ է պետությունն իր վրա վերցրել»,-նշեց Ազատանի գյուղապետարանի աշխատակից  Արայիկ Եսայանը:
Հավելենք, որ գյուղացիներից քչերն են ազոտական պարարտանյութ ձեռք բերելու ցանկություն հայտնել: Օրինակ` Ազատանի 1300 տնտեսություն ունեցող համայնքից կառավարության ծրագրից օգտվելու հայտ է  ներկայացրել  ընդամենը 400-ը: Պատճառն այն է, որ ազատանցիներից  շատերը գյուղատնտեսությամբ զբաղվելը հեռանկարային չեն համարում: Գյուղապետ Վարդան Իկիլիկյանի  խոսքերով` այս ոլորտում անելիքներ շատ կան, որպեսզի գյուղացին դարձյալ նվիրվի հողին ու նախկին եռանդով աշխատի: Գյուղապետը կառավարության հիշյալ ծրագիրն ուշացած է համարում:
Նշենք, որ առաջնահերթության կարգով պարարտանյութը նախ կհատկացվի Արմավիրի  եւ Վայոց Ձորի մարզերին: Շիրակի մարզ այն կհասնի մարտ ամսին: Կշարունակվի  ծրագիրը, թե ոչ` այս պահին գյուղվարչությունում տեղեկություններ չունեն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս