Դադարեցվել են ԱՆ ՔԿ վարչության բաժնի պետի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել քաղաքացի, 32-ամյա Արման Գասպարյանի  նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին: 

Հիշեցնենք, որ Ա.Գասպարյանը միջադեպը ձայնագրել էր, ինչն էլ ապացուցել է կատարվածը:

ԱՆ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ժամանակավորապես դադարեցվել են արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները, իսկ մյուսների նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Գործը հարուցվել է մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Ա. Գասպարյանի հաղորդումների հիման վրա:

ՀՔԾ լրատվության հետ կապերի վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Տաթև Հարությունյան

 

 

 




Լրահոս