Ազգակիցնե՛ր, ս.թ. մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալու են նախագահական ընտրություններ: ՍԴՀ կուսակցությունը կոչ է անում, որպեսզի նախագահական ընտրություններին դուք ձեր ձայնը տաք միակ արժանի թեկնածուին` Վլադիմիր Պուտինին:
Դուք` տեղաբնակներդ, հիշում եք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում` ԽՍՀՄ փլուզումից հետո. վիթխարի երկիրը հայտնվել էր կործանման եզրին, բնական պաշարներով երկրագնդի ամենահարուստ տարածքը սովի էր մատնվել, մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ թոշակառուներին չնչին կենսաթոշակը չէին կարողանում վճարել: Երկիրը ներսից քայքայում էին կլանաօլիգարխիկ համակարգը, համատարած կոռուպցիան, իսկ Հյուսիսային Կովկասում ծայր էր առել Ռուսաստանը փլուզող, դրսից հրահրվող-ֆինանսավորվող քաղաքացիական պատերազմը:
Միջուկային գերտերություն էր կործանվում, ինչը կհանգեցներ աշխարհակործան հետեւանքների։ Եւ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում հաջողվեց երկիրը դուրս բերել այդ վիհից:
Ազգակիցնե՛ր, Պետական Դումայի ընտրություններից հետո մենք հետեւում ենք այն իրադարձություններին, հանրահավաքներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում: Այդ խժդժությունները սկսվեցին այն բանից հետո, երբ եվրոպական դիտորդական առաքելությունը, արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասական գնահատեցին ընտրությունները: Այն ընտրախախտումները, որոնք այսօր շահարկում են Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը, Հայաստանում անցկացված վերջին չորս ընտրությունների համեմատությամբ ուղղակի ծիծաղելի են: Մեր ընտրատարածքներից առեւանգել, ծեծի, ահաբեկության են ենթարկել վստահված անձանց, ընդդիմադիր գործիչների, կեղծ ցուցմունքներով ընդդիմության ներկայացուցիչներին բանտերն են նետել: 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարների վրա ինքնաձիգերից կրակ բացեցին, ինչի արդյունքում 10 մարդ սպանվեց եւ 182 զինվոր վիրավորվեց: Այս ամենը կատարվել է ազգային անվտանգության, ոստիկանության, բանակի օպերատիվ ծառայությունների տեսախցիկների առկայության պայմաններում, սակայն մինչ օրս սպանություններ կատարողներից, հրազենային վնասվածքներ հասցնողներից եւ ոչ մեկը հայտնաբերված չէ: Իշխանությունն իր իսկ կատարած ոճրագործությունները թաքցնելու նպատակով 135 ընդդիմադիր գործիչների բանտեր նետեց: Եւ նման խայտառակ, մարդկային բոլոր հնարավոր պատկերացումներից անդին, այլասերված ընտրությունները եվրոպական «անաչառ ու ժողովրդավարական» դիտորդական առաքելությունը գնահատել էր «եվրոպական չափանիշներին համապատասխան»: Հայաստանում հեռուստաեթերն ամբողջապես գտնվում է իշխող հանցախմբի լիակատար ենթակայության ներքո կամ ուղղակի նրա սեփականությունն է: Այս առումով Եվրամիության բարձրագույն ատյաններում տարիներ շարունակ լրջագույն բանաձեւեր են ընդունվել, որոնք, սակայն, մնացել են լոկ թղթի վրա: Եվրոպական համամարդկային արժեքների, ժողովրդավարության քարոզիչներն ի լուր աշխարհի հայտարարեցին, թե փակում են Երեւանում 2008թ. մարտի 1-ի ոճրագործության էջը: Ձեզ քաջ հայտնի է, թե Երեւանում ինչպես են գնդակահարել անմեղ ցուցարարներին, եւ հանկարծ Եվրամիությունում որոշում են… այդ էջը փակել. կհարցնեք` ինչու, պատասխանը հստակ է` ամեն գնով պահպանել Երեւանի խամաճիկային վարչակարգը: Քանզի որքան թույլ, կամազուրկ, ժողովրդի վստահությունը չվայելող, հլու-հնազանդ, կառավարելի լինի տվյալ երկրի նախագահը, այնքան լավ:
Այժմ հարց է ծագում` ինչու են Հայաստանի պարագայում դիտորդները կուրանում ու խլանում, իսկ Ռուսաստանի ընտրություններում նույնիսկ տեսնում բաներ, որոնք չեն եղել: Խնդիրը պարզ է` Ռուսաստանը պետք է Գորբաչովի կամ Ելցինի նման քաղաքական գործիչներ ունենա եւ ոչ մի դեպքում Պուտինի նման առաջնորդ, որը կզորացնի երկիրը, թույլ չի տա նրա մասնատումն ու ոչնչացումը:
Ազգակիցնե՛ր, խնդրում ենք աչալուրջ լինել, միաժամանակ` երախտագետ, մի՛ մոռացեք` այդ երկիրը ժամանակին գրկաբաց ընդունել է ձեզ, հնարավորություն տվել հաց վաստակել, օթեւան ունենալ եւ արժանապատիվ ապրել: Վ. Պուտինի շուրջ այսօրվա աղմուկը պատահական, ինքնաբուխ ըմբոստության դրսեւորում չէ, այն Ռուսաստանի ոչնչացման խորը եւ լուրջ մշակված ծրագրի միայն տեսանելի վերնաշերտն է:
Ազգակիցնե՛ր, խնդրում եւ հորդորում ենք` ձեր ձայնը միացրե՛ք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին:
Եւ թող ձեր մտապատկերում պարզվի հետեւյալ պաստառը. «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՅԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍԴՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ