«Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 4000-ի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայից փախստականների հոսքի հետ կապված իրավիճակն անվանել է «աննախադեպ»: Նրա խոսքով` հարավարևելյան Ուկրաինայից արդեն 4 հազար մարդ լքել են իրենց տները և հայտնվել Ռուսաստանի տարածքում:

Միևնույն ժամանակ, Ռոստովի մարզում BBC-ին տեղեկացրել են, որ վերջին օրերին տարածաշրջան ժամանած 7 հազար ուկրաինացիները փախստական չեն, այլ եկել են հանգստանալու և իրենց հարազատներին այցելելու:

Չորեքշաբթի Ռոստովի մարզի` Ուկրաինայի հետ սահմանակից որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել փախստականների հոսքի հետ կապված:

Նույն օրը Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին ոչ մի ուկրաինացի չի դիմել փախստականի կարգավիճակ ստանալու հայցով:

Այս գերատեսչության տվյալներով` սահմանը հատում են նույն քանակությամբ անձինք, որքան և նախկինում: Ուկրաինայի մոտ 11,5 հազար քաղաքացի ամեն օր մեկնում է Ռուսաստան, և գրեթե նույն թվով մարդիկ էլ ետ են վերադառնում:




Լրահոս