ԽԱՇԹԱՌԱԿԻ «ԹԵԺ» ՁՄԵՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այդ ընտրություններում ՀՀԿ Իջեւանի շրջանային կազմակերպությունը որպես թեկնածու առաջադրել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1956 թվականին ծնված Հայկ Քամալյանին: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել նաեւ Խաշթառակի նախկին գյուղապետ, ներկայումս Տավուշի մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ, 1970 թվականին ծնված Արթուր Վանեսյանը, գյուղապետի տեղակալ, անկուսակցական, 1979թ. ծնված Արտակ Վիրաբյանը եւ անասնաբուժական ծառայության Իջեւանի լաբորատորիայի շիճուկաբան, ԲՀԿ անդամ, 1985 թվականին ծնված Անդրանիկ Վիրաբյանը: Նրանք բոլորն էլ որպես թեկնածու հանդես են եկել ինքնաառաջադրմամբ: Հանձնաժողովից հայտնեցին, որ մինչեւ թեկնածուների գրանցումը, հունվարի 16-ին Արտակ Վիրաբյանն ինքնաբացարկ է հայտնել: Գյուղապետի տեղակալը  գործող գյուղապետ Հայկ Քամալյանին իրական մրցակից չէր, այլ թեկնածությունը դրել էր «տակտիկական» նկատառումներով: Այսինքն` մտավախություն կար, որ մյուս երկու թեկնածուները կարող էին ինքնաբացարկ հայտնել: Այդ դեպքում միայն մեկ թեկնածու` Հայկ Քամալյանն էր մնալու, եւ ըստ նորացված Ընտրական օրենսգրքի` համայնքի ղեկավարի ընտրությունները չեղյալ կհամարվեին, ու 40 օր անց նոր ընտրություններ տեղի կունենային: Նման հնարավորությունը բացառելու համար առաջադրվել էր Արտակ Վիրաբյանի թեկնածությունը: Հունվարի 25-ին պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզչությունը : Խաշթառակում մրցակցությունը թեժ է լինելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս