Առնվազն 200 մարդ զոհ է դարձել Նիգերիայի հյուսիսային Բորնո նահանգում կատարված «Բոկո հարամ» խմբավորման հարձակմանը. տեղեկացնում է Associated Press-ը: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Բորնոյի նահանգապետը և անվտանգության մի շարք սպաներ:
Զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չէ: Նախօրեին գրոհայինները հարձակվել էին Բորնոյի մի քանի գյուղերի վրա: Այդ հարձակման արդյունքում զոհվել է 30 մարդ:
Ականատեսների խոսքով՝ գրոհայինները մեքենաներով անցնում են գյուղերով, ինքնաձիգներով գնդակահարում բնակիչներին և հրկիզում ձեռքի տակ ընկածը:
«Բոկո հարամ» խմբավորումը, արդեն մի քանի տարի է, փաստացի պատերազմ է վարում Նիգերիայի իշխանությունների դեմ:
2014-ի մայիսի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ներառել է «Բոկո հարամը» «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Քաղաքական դիտորդները նշում են, որ «Բոկո հարամի» հաջողությունները կապված են զինվորականների մի մասի աջակցության հետ: Որոշ զինվորներ ժամանակավոր համալրում են խմբավորման շարքերը, այնուհետև՝ կրկին վերադառնում իրենց զորամասերը: