Շաբաթ օրը` փետրվարի 4-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը նշեց իր հիմնադրման մեկ տարին: Միջոցառումը դարձավ ընդդիմադիր եւ իշխանական գործիչների յուրօրինակ «մերձեցման երեկո»: Նույնիսկ իրար նկատմամբ խորը ատելություն ունեցող մարդիկ մոտ երկու ժամ ժպտացին միմյանց ու բաժակ զարկեցին: Բավականին անսպասելի ջերմ մթնոլորտ էր ձեւավորվել:
Սկզբում ելույթ ունեցավ օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` հայտարարելով, որ «Ժողովուրդ»-ն աշխատում է բացառապես օբյեկտիվության դիրքերից, եւ խոստացավ պահպանել թերթի որդեգրած սկզբունքները. այն է` չհրապարակել չճշտված տեղեկություն, ապահովել բազմակարծություն: «Հարգելի՛ ներկաներ, «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը լույս է տեսել 2011թ. փետրվարի 1-ին, թողարկել ենք արդեն 242 համար: Եւ, ցավոք, գովասանքի ու հիացմունքի խոսքերից բացի, որոնք ուղղվում են հասարակ քաղաքացիների կողմից, արդեն երեք դատական հայց է ներկայացվել թերթի դեմ` ընդհանուր թվով մոտ 6 մլն դրամ պահանջով: Բայց չեմ ցանկանում մեր բարձր տրամադրությունը փչացնել: Պարզապես ուզում եմ արձանագրել, որ անկախ նրանից, թե մեր թերթի հրապարակումներն անձնական կամ կուսակցական ինչպիսի շահերի կհակասեն, միեւնույն է, ապագայում եւս կշարունակենք աշխատել արդարության, թափանցիկության, մեր երկրում առկա վատ երեւույթների մասին քննադատության դիրքերից: Խոստանում եմ, որ ոչ մի պարագայում «Ժողովուրդ» օրաթերթը չի դավաճանի իր սկզբունքներին` համոզված լինելով, որ երկրում առկա խնդիրների ու հանցավոր երեւույթների դեմ արդյունավետ պայքարը դրանց մասին բարձրաձայն ասելն է: Այդպես կկարողանանք կառուցել ուժեղ եւ ժողովրդավարական Հայաստան: Մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափը եւ պատրաստվում ենք իրացնել մեր բաժին իշխանությունը` որպես չորրորդ իշխանություն»,-ասաց Թագուհի Թովմասյանը` խոսքը փոխանցելով թերթի լրագրող Արման Գալոյանին` «Ժողովուրդ»-ի կողմից առանձնացված շնորհագրերը փոխանցելու համար:
«Օրաթերթի բարեկամ» անվանակարգում պատվոգրեր ստացան Սասուն Միքայելյանը եւ Արամ Կարապետյանը, «Ահազանգերին հրատապ արձագանքող նախարար» անվանակարգում` Արթուր Գրիգորյանը, Հարություն Քուշկյանը, Արմեն Աշոտյանը, Վլադիմիր Գասպարյանը, «Մամուլին հասանելի քաղաքական գործիչ» անվանակարգում` Պարույր Հայրիկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, «Մամուլին հասանելի պատգամավոր» անվանակարգում` Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը, Հեղինե Բիշարյանը, Էդուարդ Շարմազանովը, «Մամուլին հասանելի արվեստագետ» անվանակարգում` երգիչ Դավիթ Ամալյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանն ու դերասան Արտաշես Ալեքսանյանը: Օրաթերթի բոլոր համարները մանրազնին ընթերցելու համար շնորհագրերի արժանացան նաեւ Վիկտոր Դալլաքյանը, Գուրգեն Եղիազարյանը, Կարմեն Դավթյանը, Հակոբ Ճարոյանը եւ դերասանուհի Զառա Արամյանը:
«Օրաթերթի հավատարիմ ընթերցող» անվանակարգում շնորհագիր ստացավ նաեւ մեր գործընկեր, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով, միջոցառման առաջին իսկ րոպեներից սկսած, լուսանկարեց ներկաներին` խոստանալով, որ բոլոր «կիքսերը» կհայտնվեն համացանցում: Քաղաքական գործիչները, պատգամավորները եւ անձնակազմը դեռ չէին հասցրել դուրս գալ սրահից, նկարներն արդեն կայքերում էին:
Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ