ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ օրեր առաջ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը հերքել էր էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրերը:
«Սա նույն պատմությունն է, երբ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը բոլոր հնարավոր ամբիոններից համառորեն հայտարարում էր, որ գազի թանկացում չի լինելու, բայց մենք կանգնեցինք մի խայտառակ փաստի առաջ, երբ գազը թանկացել էր շատ ավելի վաղ»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով` ապրում ենք այնպիսի արատավոր ժամանակներում, երբ պետական պաշտոնյաները կա՛մ իրապես չեն տիրապետում խնդրին և դիլետանտ են, կա՛մ նրանց վերջին պահին կանգնեցնում են փաստի առջև, ինչն էլ վկայում է երկրի հանդեպ հարգանքի բացակայության մասին: