«Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության շենքում այսօր տեղի ունեցավ Տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի կազմակերպած բիզնես-կոնֆերանսը` «Ձեռներեցության աջակցման և զարգացման միջազգային ծրագրի» շրջանակներում:
Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի տնօրեն Վանուհի Սերովան, «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Կալինինը, ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի ներկայացուցիչ Վալերի Միգիրովը:
Հավաքի նպատակն էր անդրադառնալ հայ-ռուսական բիզնես հարաբերություններին, համագործակցության նոր սահմանների մասին խոսել, ինչպես նաև՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը դիտարկել որպես տնտեսության զարգացման նոր հարթակ:
Armlur.am-ի հետ զրույցում Վանուհի Սերովան, խոսելով կոնֆերանսի կարևորության մասին, ասաց, որ իրենց կազմակերպությունը հարթակ է գործարարների համար՝ նրանց արտադրանքը ներկայացնելու թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում:
Կենտրոնն իրականացնում է ձեռներեցության աջակցման և զարգացման միջազգային ծրագիր, որը փոքր բիզնեսին հնարավորություն է ընձեռում գտնել գործընկերներ և ներդրողներ, իսկ միջին բիզնեսին տրամադրում է հարմար գործիքների մի ամբողջ փաթեթ համացանցում իր բիզնեսի լայնածավալ զարգացման համար:
Կոնֆերանսի ավարտին կնքվեց տնտեսական զարգացման պայմանագիր: «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Կալինինը հույս հայտնեց, որ այս պայմանագիրը կտա իր պտուղներն ու դրական արդյունքները: ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի ներկայացուցիչ Վալերի Միգիրովի խոսքով էլ՝ տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի նպատակն է ձեռնարկատերերին տալ բիզնես գործիքներ, որոնք նրանք կօգտագործեն իրենց բիզնես գործունեությունը զարգացնելու համար: