Տուգանել են վարորդին խախտում չկատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի, Էջմիածնի բնակիչ Գոռ Սարգսյանը 1 տարի առաջ` ապրիլի 23-ին, իր մեքենան Սայաթ-Նովայի 24   պողոտայում սխալ կայանելու համար տուգանվել է 5000 դրամով:

Ինչպես  armlur.am-ի հետ զրույցում պատմեց Գոռը, օրենքով սահմանված ժամկետում ինքը տուգանքը պետք է վճարեր մեկամսյա ժամկետում`մայիսի 23-ին,  սակայն վճարումը կատարել է մայիսի 29-ին: Տուգանքի վճարումից անցել է  արդեն 1 տարի, սակայն օրեր առաջ Գոռ Սարգսյանին եկել է նամակ այն մասին, որ նրա տուգանքը հնգապատկվել է`5000 դրամից դառնալով  25.000, և դատարանի միջոցով պետք է այդ գումարը  բռնագանձվի:

«Ես չեմ պատրաստվում այդ գումարը վճարել, քանի որ տուգանքն արդեն վճարել եմ, և ինձ մոտ եղած բանկի կտրոնով կարող եմ դա ապացուցել: Պատրաստվում եմ վաղը ևեթ այցելել ճանապարհային ոստիկանության տարածքային բաժին և պարզաբանում ստանալ: Բացի այդ` մինչ տուգանքի հնգապատկվելը, պետք է նախևառաջ ծանուցագիր գար տուգանքի եռապատկման մասին, որից հետո միայն` հնգապատկման»,-վրդովված ասաց քաղաքացին:

Ի դեպ, ինչպես պատմեց Գոռ Սարգսյանը,  նախորդ տարի, երբ  իրեն է ուղարկվել տուգանքի մասին ծանուցագիրը և այն լուսանկարը, որտեղ երևում է կատարված խախտումը, չի նշվել մի փաստ. «Ես կայանել էի Սայաթ-Նովայի փողոցում և մեքենայիս թե’  դիմացի, թե’ հետևի կողմերում կային այլ մեքենաներ, և չես չէի կարող ճիշտ տեղում կայանել: Լուսանկարի մեջ այդ մեքենաները չեն երևում: Սակայն ես, այնուամենայնիվ, չեմ խուսափել տուգանքը վճարելուց»:

Ասել,  որ նման դեպքերը  քիչ են, ճիշտ չէ, քանի որ ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության  հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, վարորդներից նման դժգոհություններ  իրենք ստանում են:

«Մեր կազմակերպության ստացած դժգոհությունների մոտ տասը տոկոսը նման  բողոքներ են»,- ասաց պրն. Հովհաննիսյանը:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավարը հիշեցնում է` վարորդը կարող է կա’մ հակընդդեմ հայց ներկայացնել կա’մ վճարել տուգանքը, որը փոխանցվում է ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ:

«Ճանապարհային ոստիկանությունն ասում է` մեղավորը ծրագիրն է, որի պատճառով վճարված տուգանքի մասին տեղեկատվությունը մեզ չի հասնում»,- ավտովարորդների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավարը` հավելելով, որ անկախ նրանից` ով է մեղավոր, քաղաքացին տուժում է`  ավելորդ ժամանակ ու էներգիա ծախսելով:

Սոնա Դավթյան




Լրահոս