Հայաստանում միշտ ականատես ենք լինում այնպիսի պրոցեսների, երբ ասում են՝ չկա նման խնդիր, բայց միշտ կանգնում ենք «դատարկ տաշտակի» առջև: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը, այս մասին նշեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Մեր տնտեսությանը կախվածության մեջ գցել գազի խողովակի տրամագծից ու խողովակի այն ծայրին նստած մեր «բարեկամ» ժողովրդի բարի կամքի դրսևորումից՝ պարզապես անընդունելի է, և ակնհայտ է, որ գազի գնի գոյացման վրա Հայաստանն այլևս լծակներ չունի»,- ընդգծեց նա, հավելելով, որ օր առաջ պետք է մտածել՝ ինչ մեխանիզմներ ստեղծենք, որ մեր հասարակությանը զերծ պահենք նման ոչ ցանկալի հետևանքներից:
Մեր այն հարցին, թե կթանկանա գազը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ կթանկանա: Ցավոք սրտի, չեմ տեսնում այս փուլում այն հնարավորությունները, որ մենք կարողանանք կանխել: Խոսքը չի վերաբերում բարի ցանկությունների կամ խնդրանքների շարքին, այլ՝ կոնկրետ որպես պետություն, որի հիմնական գործառույթը պետք է լինի իր քաղաքացիների ու շահերի պաշտպանելը, այդ թվում՝ նաև նմանատիպ խնդիներում… Չեմ տեսնում, որ կարողանում ենք իրականացնել դա», – հայտարարեց նա:
Անդրադառնալով արդեն էլեկտրաէներգիայի թանկացման համար տրվող պատճառաբանություններին՝ Քոքոբելյանը դրանք հիմնավոր չհամարեց: