«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը չարաշահելով պաշտոնական դիրքը տիրացել է իր հարազատներից մեկի հողակտորին եւ տանը: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց խմբագրություն այցելած 23-ամյա Լեւոն Բաբաջանյանը` հայտարարելով, թե ինքն ունի նաեւ ձայնագրություն, որտեղ դատավորը խոստովանում է, թե ինչպես է տիրացել իրենց տանը:
Ըստ 23-ամյա Լեւոնի` ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի 1-ին փողոցի 7-րդ փակուղու թիվ 4 տունը պատկանել է իր պապիկին, ում մահից հետո ժառանգությունը ընդունել է իր խորթ տատիկը՝ Անահիտ Խաչիկյանը. «2012թ. տատիկս մահացավ, որից հետո մայրս՝ Աղունիկ Սարուխանյանն էր բնակվում այդ տանը: Մենք երբեւէ տան ժառանգության հարցով չենք դիմել որեւէ տեղ, քանի որ չենք մտածել, որ կարող է ինչ-որ մեկը հետաքրքրվի այդ հարցով: 2013թ. դեկտեմբերի 29-ին տան կոմունալ խնդիրների հետ կապված հարց է առաջանում ու մայրս դիմում է դատարան՝ հայրական տան նկատմամբ ժառանգության իրավունք ստանալու դիմումով: Մորս դիմումը վարույթ է ընդունել ՀՀ Տավուշի մարզի Առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը, ով նաեւ խորթ տատիկիս եղբորորդին է: Դատավոր Խաչիկյանը ինքնաբացարկ է հայտնել` պատճառաբանելով, որ ազգակցական կապ ունի մեզ հետ»:
Լեւոնի խոսքերով` 2013թ. ապրիլին մայրը՝ Աղունիկ Սարուխանյանը, դիմել է Նոյեմբերյանի տարածքային նոտարին, ժառանգություն ստանալու պահանջով, սակայն վերջինս ասել է, թե նա չի կարող ընդունել ժառանգությունը: Իսկ երբ 2014թ. մարտի 3- ին արդեն գրավոր կերպով դիմել են Նոյեմբերյանի տարածքային նոտարին՝ ժառանգություն ստանալու պահանջով, մերժում են ստացել: «Մերժման մեջ գրված է, որ մենք բաց ենք թողել ժառանգություն ստանալու՝ օրենքով սահմանված ժամկետը: Իսկ այդ մերժման մեջ մի կետ անգամ չկար գրված, որ ինչ-որ մեկը տիրացել է մեր հողակտորին: Ավելի ուշ պարզում ենք, որ իմ տատիկի եւ պապիկի ժառանգության իրավունքը ստացել է դատավոր Աշոտ Խաչիկյանը: Նրանից պարզաբանում պահանջեցիք: 2014թ. մարտի 18-ին հանդիպեցինք դատավորի հետ: Խոսակցության ընթացքում պարզեցինք, որ երբ մենք դիմել էինք Տավուշի մարզի Առաջին ատյանի դատարան եւ ներկայացրել բոլոր անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը եւ դատավոր Աշոտ Խաչիկյանը ինքնաբացարկ էր հայտարարել, թե բարեկամական կապ ունի մեր հետ, այդ ընթացքում նա մեր կողմից դատարան ներկայացրած բոլոր փաստաթղթերը օգտագործել է կադաստրում մեր տան եւ հողերի նկատմամբ սեփականության իրավունք ստանալու համար: Ավելին, Ա. Խաչիկյանն այս մասին մեզ անձամբ է ասել ու մենք ունենք նրա այդ խոսքի ձայնագրությունը: Մենք կանխավ ենթադրելով Աշոտ Խաչիկյանի մտադրությունները՝ որոշել էինք անձամբ ձայնագրել մեր խոսակցությունը»,-ասաց Լեւոն Բաբաջանյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: