Լևոն Տեր-Պետրոսյանը դժգոհ է բոլորից ու ամեն ինչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Տեր-Պերտրոսյանն այսօր կրկին հիշել է, որ Սերժ Սարգսյանը (հատկապես՝ ճանապարհային քարտեզի միջոցով) Հայաստանը կործանում է, և հանդես է եկել ստվարածավալ հոդվածով:

Հրապարակախոս էքսնախագահի տպավորությամբ՝ կարևորը ոչ այնքան Սերժ Սարգսյանի՝ վերջին շրջանում արտահայտած արտառոց մտքերն ու դատողություններն են, այլ՝ դրանցում թաքնված հետին մտքերն ու նպատակները: Դրանք, ի դեպ, ըստ հոդվածագրի՝ չորս հիմնական խմբի կարելի է դասել:

Եվ այսպես, նոր կառավարություն ասելով՝ Լ. Տեր-Պերտոսյանը պատկերացնում է միայն վարչապետին՝ ընդգծելով, որ վերջինս խայտառակ համբավ ունի թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, և բնականաբար, Հովիկ Աբրահամյանից դրական ոչինչ սպասել չի կարելի: Ավելին, նոր պաշտոն ստանալուց հետո նրա կատարած առաջին քայլերը միմիայն հաստատում են Լ. Տեր-Պետրոսյանի տպավորությունները ոչ միայն Հ. Աբրահամյանի, այլև՝ որոշակիորեն նորացված կազմով ներկայացող կառավարության գործունեության հանդեպ:

Հետաքրքիր է, որ առաջին նախագահը, նոր վարչապետին միանգամայն անհուսալի կադր համարելով, հոդված հրապարակելիս առիթը բաց չի թողնում վերջինիս խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին շոյելու: Տպավորությունն այնպիսին է, թե ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը հանկարծ սկսել են հնարավորն անել երկիրը բարգավաճ դարձնելու ուղղությամբ: Եվ ինչպես առաջին նախագահն է կարծում, Հ. Աբրահամյանին նշանակելով՝ Ս. Սարգսյանը կապում է Գ. Ծառուկյանի ձեռքերը: Ժամանակին նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե ԲՀԿ ղեկավարը շուտով «բոմժ» է դառնալու: Այս կանխատեսումը չիրականացավ, բայց հետագայում Ծառուկյանին ուղղված առաջին նախագահի բոլոր խրախուսանքներն ու միասին գործելու կոչերն օլիգարխի կողմից այդպես էլ չներվեցին:

Ինչևէ, բնական է, որ անճարունակ համարվող իշխանությունները, առաջին նախագահի գնահատմամբ, պետք է լիարժեք տրվեին ստորաքարշությանը: Այս առումով Հայաստան-Մաքսային միություն՝ դեռևս չծնված համագործակությունը նույնպես նման ենթատեքստում է դիտարկվում: Ցավոք (և ոչ ի պատիվ առաջին նախագահի), Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվող միջացառումները նույնպես, ըստ հոդվածագրի, իշխանությունը սեփական շահին են ծառայեցնում: «Էժան շոու». այսպես է գնահատում հաջորդ տարի սպասվող իրադարձությունները:

Սահմանադրական փոփոխություններն առաջին նախագահի սրտով չեն: Նա գտնում է, որ ավելի կարևոր ու հրատապ խնդիրներ կան, մինչդեռ «Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես իր և սեփական ավազակախմբի շահերով», իսկ այդ մասին առաջին նախագահը, ով այդպես էլ չկարողացավ այդ ավազակախմբի հախից գալ, երբեմն հիշում ու հոդվածներ է գրում:

Դավիթ Վանեսյան




Լրահոս