Այսօր շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումները: Այս անգամ քննարկվում է Ընտրական իրավունքի և ընտրական համակարգի փոփոխությունների հարցը:
Անդրադառնալով նախագծին` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ նախագծում անդրադարձ չկա պատասխանատվության ինստիտուտին:
«Ի վերջո, ի՞նչ պատասխանատություն է նախատեսվում ԱԺ պատգամավորի նկատմամբ` իր տարածքի առջև, այն մարդկանց առջև, ովքեր ընտրել են իրեն: Այս պատճառով կուսակցության պատասխանատվությունը պետք է տարբերվի անհատի պատասխանատվությունից: Նույն պատգամավորը կարող է մի անգամ լինել, մյուս անգամ ոչ, այդ պատճառով, չե՞ք կարծում, որ պետք է շեշտվի անհատի պատասխանատվությունը», – ընդգծեց նա:
Մինասյանն անդրադարձ կատարեց նաև այն առաջարկին, ըստ որի՝ ընտրական օրենսգիրքը չպետք է դրվի Սահմանադրության մեջ: Նա նշեց, որ դա տարակարծումների տեղիք կտա: Վերջինս բարձրացրեց նաև պատգամավորների և քաղաքական ուժերի հայտարարությունների անաչառության խնդիրը:
«Պատգամավորը գնում, ասում է՝ ասֆալտ կփռենք, բայց ընտրվում ու բան չի անում: Պետք է մեխանիզմ լինի, որ ամեն մեկն իր խոստումները կատարի», – ընդգծեց նա:
Ի պատասխան այս հարցադրումների և նկատառումների` ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ շատ դեպքերում կենցաղային ընտրությունների հարցում մարդիկ շատ ավելի բծախնդիր են:
«Արդյոք մենք երբ գալիս ենք քաղաքական հարթության մեջ, մենք գիտենք, թե որն է լավ պատգամավորը: Մենք այս խնդիրն ունենք բոլոր մակարդակներում», – նշեց նա:
Անդրադառնալով պատգամավորի պատասխանտվության մեխանիզմներին՝ նա նշեց, որ, իհարկե, ժողովրդավարական երկրներում այդ պատգամավորին հետ կանչելու լիազորություն նույնպես չկա, և այն բնորոշ է միայն խորհրդային երկրներին: