Ավստրիայում ձերբակալվել է Ն. Նազարբաևի նախկին փեսան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան` Ռահատ Ալիևը, սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավստրիայում. տեղեկացրել է Der Standart-ը՝ հղում անելով Austria Presse Agentur գործակալությանը:

Նրա փաստաբան Մանֆրեդ Այնեդտերը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կամավոր է հանձնվել ոստիկանությանը և ցանկանում է համագործակցել հետաքննության հետ: Նրա խոսքով՝ խափանման միջոցի մասին որոշումը կկայացվի մոտակա օրերին:

Ալիևի ձերբակալման հրամանը տրվել է մայիսի 19-ին:

Ավստրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Գրունդբերգը, ի պատասխան APA-ի հարցման, չի հաստատել Ռահատ Ալիևի ձերբակալման փաստը: Ղազախստանում առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունները:

2002-2007թթ. Ռահատ Ալիևը զբաղեցրել է Ավստրիայում Ղազախստանի դեսպանի պաշտոնը: 2007թ. Ղազախստանը պահանջել է նրա արտահանձնումը` մի շարք պետական հանցագործությւնների, այդ թվում՝ հայրենիքի դավաճանության և պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրանքով: Ավստրիան մերժել է նրան արտահանձնել: 2008-ին իր հայրենիքում նա հեռակա կերպով դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:

2011թ. արդեն ավստրիական ոստիկանությունն է սկսել քրեական գործի հետաքննությունը, որի գործող անձը Ալիևն էր, սակայն այն ժամանակ նա արդեն տեղափոխվել էր Մալթա:

Մինչդեռ Մալթայի քրեական դատարանը որոշում է կայացրել Ղազախստանի նախագահի նախկին փեսայի ակտիվների սառեցման վերաբերյալ` փողերի լվացման մեղադրանքի հետ կապված: Փողերի լվացման հետ կապված Մալթայում կատարվող հետաքննությունը լրացնում է հետաքննությանը, որը կատարվում է Կրեֆելդում (Գերմանիա):

2014-ի փետրվարին Ալմա Աթայի դատարանը հաստատել է Ռահատ Ալիևի մասնակցությունը ղազախ քաղաքական գործիչ Ալտինբեկ Սարսենբաևի և նրա օգնականի սպանությանը:




Լրահոս