Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր ասաց, որ ընտրական համակարգի փոփոխությունները բնորոշ են այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունն և ժողովրդավարական համակարգը խորը արմատներ չունեն:
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են ընտրական համակարգի և ընտրական իրավունքի մասին քննարկումները:
Թովմասյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի այն հատվածը, որը կոչվում է «Ընտրական իրավունք և ընտրական համակարգ», պիտի լուծվի դրան հարակից օրենքների լուծման շնորհիվ:
«Միանգամից ասեմ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են այս տարիներին, հենց այս բաժնում զետեղված մոտեցումներով չպետք է լուծել, քանի որ ընտրական իրավունքին հարակից տասնյակ այլ իրավական ինստիտուտներ կան, որոնց ինչպիսիությամբ է պայմանավորված ընտրական իրավունքի և ընտրական համակարգի կարգավորումը», – ընդգծեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Նա փաստեց, որ ցանկացած ընտրություններ ժողովրդավարական հասարակությունում պետք է լուծեն երեք գլխավոր խնդիր.
«Առաջին՝ իշխանությունների լեգիտիմացիա, երկրորդ՝ քաղաքական էլիտայի սելեկցիա, երրորդ՝ քաղաքական կոնֆլիկտների լուծում:
Ցավոք, պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին ընտրական պրոցեսներն ու ընտրություններն այս երեք խնդիրները բավարար չափով կամ ամբողջապես չեն կարողացել լուծել, և սրանով է պայմանավորված, որ այս հարցադրումներն ու խնդիրները շահարկվում են»,- եզրափակեց Թովմասյանը: