ԳԱԳԻԿԸ ՉՀԱՍԿԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանի արած բացահայտումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:
-Տիկի՛ն Բիշարյան, Բաղդասարյանը նշում է, որ կուսակցությունում ամեն ինչ Ձեր որոշմամբ է կատարվում, որ ՕԵԿ-ը չի մտածում ժողովրդի մասին, միայն թալանում է երկիրը:
-Ցանկացած կուսակցության եւ ցանկացած խմբակցության գործունեությունը կարող եք ուսումնասիրել եւ տեսնել, որ բոլոր խմբակցություններն էլ միասնական որոշում են կայացնում, հետո մասնակցում քվեարկություններին: «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունը նույնպես այդպես է աշխատում. քննարկում է, հետո, միասնական որոշում կայացրած, գնում դահլիճ` քվեարկություններին մասնակցելու: Եթե որեւէ մեկին դուր չի գալիս մեր միասնական, կազմակերպված աշխատանքը, դա իր խնդիրն է:
-Պատգամավորը վստահեցնում է, որ Դուք քննարկումներ չեք կազմակերպում խմբակցությունում, այլ պարզապես որոշում եք, որ այդպես պետք է լինի եւ վերջ:
-Դա այդպես չէ. ինքն էլ է ասում, որ ինքը մեզանից հեռու է գտնվել եւ որեւէ նիստի կամ խմբակցության ժողովի չի մասնակցել:
-Դուք գիտեիք, որ ինքն այսօր պետք է մանդատից հրաժարվի, դրա համա՞ր կուսակցությունից հեռացրիք:
-Ո՛չ, ես չգիտեի, որ ինքը մանդատից հրաժարվելու է, ես պարզապես մի բան եմ հասկանում, որ ինքը տեսավ` մենք իրեն հեռացնում ենք, հետեւություն է արել եւ այդպես է վարվել: Բայց քանի որ Գագիկ Բաղդասարյանին մենք ԱԺ պատգամավոր ենք դարձրել` գործող պատգամավորի հանելով եւ համամասնական ցուցակում մի քանի` մոտ 7 մարդու հանել ենք եւ իրեն բերել ենք պատգամավոր… Բայց ինքը կուսակցաշինության, կազմակերպչական աշխատանքներին, որեւէ հարցի չի խառնվել, չի աշխատել, կուսակցության սկզբունքներին դեմ քայլեր է արել:
-Բաղդասարյանը նշում է, որ Դուք նրան մանդատ եք տվել, քանի որ գիտեիք, որ ինքը ԲՀԿ-ին է ուզում անդամագրվել:
-Բացարձակապես այդպիսի բան չկա, եթե նա գնացած լիներ, ավելի լավ: Մենք մանդատ ենք տվել` պարզապես գնահատելով իր կատարած աշխատանքը նախորդ ընտրությունների ժամանակ: Հնարավորություն ենք տվել` զբաղվելու պատգամավորական գործունեությամբ: Պարզապես չգնահատեց, դա էլ իր խնդիրն է:
-Նա նաեւ նշում է, որ չի պատրաստվում ամեն ընտրություններից առաջ իր երեխաների բերանից կտրել եւ գումարները տալ ՕԵԿ-ին, որպեսզի որոշ մարդիկ գնան եւ վայելեն իշխանությունը:
-Ինքը պարզապես ցանկություն ուներ առանց աշխատանք կատարելու նորից մանդատ վերցնել, չի լինում այդպես: Ինքն ՕԵԿ-ին ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Նախորդ ընտրություններին, լինելով մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու, այդ ծախսերն արել է եւ չի ընտրվել: Հետո մենք, գնահատելով իր աշխատանքը, իրեն բերեցինք համամասնականով, բայց նա դա չհասկացավ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս