Իշխանական ճամբարում իրադարձությունները սկանդալային զարգացումներ են ստանում: Երեկ իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն անսպասելի կերպով բոյկոտեց ԱԺ աշխատանքները: Սա ուշագրավ է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածի ֆոնին, երբ ԲՀԿ-ն, իր չմասնակցելով, տապալեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի քվեարկությունը: Ու սա այն դեպքում, երբ դեռ չի լրացել կոալիցիոն վերաստորագրված հուշագրի մեկ տարին, եւ իշխանությունը հայտնվել է վերջնական պառակտման եզրին:
ԱԺ երեկվա նիստին ԲՀԿ խմբակցությունից ներկա էր միայն Նաիրա Զոհրաբյանը, որն էլ, վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով, նախ ասաց, թե ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայական կերպով իրեն զրկել է վարման կարգի վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից, փոխարենը տարբեր լրատվամիջոցներում ԱԺ նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել ԲՀԿ հասցեին: Հետո Զոհրաբյանը նշեց, թե մերժված նախագիծը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, փոխարենը նպատակ ունի «լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար` ի հաշվիվ ՀՀ քաղաքացիների»: Սակայն նա չհասցրեց ամբողջությամբ ընթերցել հայտարարությունը. ժամանակը սպառվեց, որից հետո Նիկոյանն անջատեց խոսափողը: «Հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը՝ ԲՀԿ խմբակցությունն այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»,- արդեն առանց խոսափողի ասաց Զոհրաբյանն ու դուրս եկավ դահլիճից: ԲՀԿ այս պահվածքը մեղմ ասած, անակնկալի բերեց ՀՀԿ-ականներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անմիջապես 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն ԲՀԿ-ին ԱԺ դահլիճ բերել նրանց այդպես էլ չհաջողվեց:
Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները չէին էլ թաքցնում կատարվածի հանդեպ իրենց զայրույթը` ասելով, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր խաղեր է տալիս` առավել շատ մանդատ ստանալու համար, բայց ավելի բարոյական կլիներ այսքանից հետո կոալիցիայից դուրս գալը, այլ ոչ թե իշխանության մեջ գտնվելով՝ իշխանության դեմ քայլեր անելը: ՀՀԿ-ականներից ոմանք նույնիսկ պնդում էին, թե սա չպետք է անհետեւանք մնա, այլ Սերժ Սարգսյանի մոտ խնդիրը պետք է լրջորեն քննարկվի, ընդհուպ մինչեւ` հարկավոր է լուծարել կոալիցիան` ԲՀԿ-ից վերցնելով նախարարական ու մարզպետական պորտֆելները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ականներից մեկը չբացառեց, որ այս շաբաթվա մեջ Ս.Սարգսյանը կոալիցիոն նիստ հրավիրի` Գ.Ծառուկյանին իր մոտ կանչելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Սակայն արդեն իրենց հարցազրույցներում ՀՀԿ-ականները փորձում էին ցույց տալ, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, իսկ կատարվածը որակում էին նախընտրական շրջանին բնորոշ քաղաքական քայլ: Ընդ որում, հարցազրույց տալու քիչ, թե շատ ունակ ՀՀԿ-ականները միաբերան պնդում էին նույնը: «Սա որակում եմ քաղաքական հնարք. յուրաքանչյուր քաղաքական ուժ, ընտրություններին ընդառաջ, կարող է տարբեր քաղաքական հնարքների դիմել: ԲՀԿ-ի իրավունքն է` բոյկոտել, թե ոչ: Ես ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ` ՀՀ նորագույն պատմությունը, պառլամենտարիզմի պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտելուց տուժում են բոյկոտողները, այլ ոչ թե պառլամենտում իրենց աշխատանքը շարունակող ուժերը»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ականները, սակայն, չեն բացառում, որ այս գործելաոճի շարունակությունը հանգեցնի կոալիցիայի պառակտմանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Կարող է հանգեցնել պառակտման, կարող է չհանգեցնել: Ես հիմա չեմ կարող ասել»: Նաիրա Զոհրաբյանը այլ մեկնաբանություններ չտվեց. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իր հայտարարությամբ ասված է ամեն ինչ, եւ դրան ավելացնելու ոչինչ չունի: Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա ԲՀԿ-ն կմասնակցի դրան: «Մենք իհարկե մասնակցելու ենք, որովհետեւ խորհրդարանում անելիք ունենք եւ հաշվետու ենք մեր ընտրողներին»,-ասաց Զոհրաբյանը:
Ի դեպ, Է.Շարմազանովը երեկ պնդում էր, թե կոալիցիոն գործընկերոջ բոյկոտից հետո անգամ ԱԺ աշխատանքները չտուժեցին, ու անհրաժեշտ բոլոր օրենքներն ընդունվեցին: Իհարկե, այդ օրենքների ընդունումը ՀՀԿ-ն կարողացավ կազմակերպել բացակա գործընկերների փոխարեն քվեարկելով, ինչպես նաեւ` խորհրդարանական ընդդիմության օգնությամբ: Թեեւ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը ՀՀԿ-ին համահունչ չէին քվեարկում, սակայն իրենց մասնակցությամբ ապահովեցին քվորում` թույլ չտալով, որ ԲՀԿ-ն փաստի առաջ կանգնեցնի ՀՀԿ-ին ու կազմալուծի ԱԺ աշխատանքները: Սակայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե իրենց մասնակցությամբ չեզոքացրին ԲՀԿ բոյկոտի էֆեկտն ու փրկեցին իշխանությանը խայտառակվելուց: «Մենք իշխանությանը խայտառակելու խնդիր չենք դնում: Մենք առաջնորդվում ենք պետական շահերով, ու մեր վարքագծի հիմքում դա էր դրված»,-ասաց նա` հավելելով, որ իրենք քվեարկել են նաեւ այն օրինագծերին, որոնց համահեղինակն են եղել: «Խնդրին քաղաքական ենթատեքստով նայելու դեպքում պետք է արժեւորվի ՀՅԴ մասնակցությունը. առանց ՀՅԴ-ի հնարավոր չէ որեւէ որոշում ընդունել»,-նշեց Մինասյանը:
ԲՀԿ-Ն` ԸՆԴԴԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ