ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՉԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի  5-ին ԼՂՀ սահմանային Հադրութի N զորամասերից մեկում կրկին 20-ամյա զինվոր է սպանվել, այս անգամ եւս ոչ թե հակառակորդի, այլ իր ծառայակցի կողմից: Ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանի դիակը երեկ տեղափոխել են իր բնակավայր Վանաձոր, վերջինիս հորեղբայրը մասնակցել է նրա դիահերձմանը, իսկ հայրը չի կարողացել ներս մտնել` չցանկանալով որդուն այդ վիճակում տեսնել: Մարատի ծառայակից ընկերոջն արդեն ձերբակալել են:
20-ամյա ժամկետային զինծառայողի մահվանից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է, որ փետրվարի 5-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Դիմաքսյանին: Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարատի հարեւանները նշեցին, որ իրենք տեղեկացել են, որ Մարատն այդ օրը դիրքերում է եղել, երբ այդ դժբախտությունը պատահել է նրա հետ: «Մեզ ասացին, որ տղային չեն հասցրել տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, նա թիակի մասում հրազենի վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն չեն կարողացել ցույց տալ, քանի որ դիրքերում նման պայմաններ չկան, հետո էլ որոշել են տեղափոխել Ստեփանակերտ, իսկ 4 ժամ ո՞վ կարա դիմանա, մինչեւ կտեղափոխեն հիվանդանոց: Մարատն արնահոսել ա, եւ դա ա եղել պատճառը, որ մահացել ա, թե չէ ասում են` իրան հնարավոր կլիներ փրկել»,-պատմեցին զինծառայողի հարեւանները, որոնք չցանկացան ներկայանալ:
Մարատ Դիմաքսյանը ծնունդով Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ է, նրա ընտանիքի անդամներն անասնապահությամբ են զբաղվում եւ ընտանիքն այդ կերպ են կարողանում պահել: 20-ամյա տղան գյուղում ապրում էր տատիկի, պապիկի, հոր, մոր եւ երեք եղբայրների հետ. մեծը Մարատն էր: Նախքան բանակ գնալը, սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի պատմաիրավական ֆակուլտետի 2-րդ կուրսում, որոշել է բանակից վերադառնալուն պես շարունակել ուսումը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Վահագնի գյուղապետ Պետրոս Քոչինյանի հետ, ով Մարատին բնութագրեց որպես շատ խելոք եւ կրթված երիտասարդ. «Կռվարար չէր, շատ խելոք էր, դե սովորում էր, իրենց ընտանիքն էլ նորմալ ընտանիք էր, ինձ ասել են, որ իր կողքի ընկերը պատահաբար է կրակել, անզգույշ է եղել, թե չէ ինչ-որ վեճի մասին բան չեն ասել, տեղյակ չեմ, գյուղում էլ են նման բաներ խոսում, որ զինակից ընկերոջ մեղքն է եղել, զենքի հետ անզգույշ է վարվել»:
Երեկ` երեկոյան, տեղեկացանք, որ 20-ամյա ժամկետային զինծառայողի դիակն արդեն Երեւանից տեղափոխել են Մարատի հայրենի գյուղ: Մարատի հորեղբոր խոսքերով` զինվորի վրա բռնության հետքեր չեն եղել, ուղղակի նրան չեն կարողացել շտապ տեղափոխել հիվանդանոց` կյանքը փրկելու համար:  
Տեղեկացանք, որ Մարատի դին ծնողներին հանձնել է սպայական անձնակազմը, ԼՂՀ պաշտպանության բանակից եւս ներկայացուցիչներ են եղել, որոնք պետք է մասնակցեն նաեւ հուղարկավորությանը: Ծնողները որոշել են հուղարկավորությունը կազմակերպել փետրվարի 9-ին:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս