«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ օրերս Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի տարածքում մի կնոջ դիակ է հայտնաբերվել: Նրա թեւն ու ոտքը կոտրված են եղել, իսկ գլխի այն հատվածը, որն ընկած է եղել ձյան վրա, ամբողջությամբ ցրտահարված: Պարզվում է` վերջինիս ընտանիքի անդամները միմյանց հետ վիճաբանել են, որից տուժել է կինը: Արդյունքում նրան գտել են Սեւանա լճի ափին: Խոշտանգված կնոջ դին փետրվարի 4-ին հուղարկավորել են:
Ծովագյուղի բնակիչներն այս մասին շատ քիչ են խոսում եւ շատ զգույշ` նշելով, որ այս դեպքը շատերին է ցնցել: Նրանք չեն ցանկանում խառնվել, քանի որ գիտեն, որ ոստիկանությունն է գործով զբաղվում: Տեղեկացանք, որ ծովագյուղցիների մեծ մասը լավ է ճանաչում 61-ամյա Թամարա Գուլանյանի եւ նրա ընտանիքի անդամներին:
«Ժողովուրդ»-ին պատմեցին, որ Թամարայի ամուսնու եւ իր որդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, տիկինը փորձել է միջամտել եւ հանդարտեցնել նրանց: Սակայն վեճի ժամանակ որդին պատահաբար խփել է մորը, որն էլ ուշաթափվել է (այս ամենի մասին շատ չեն խոսում, որպեսզի ընտանիքի անդամներից որեւէ մեկին չձերբակալեն): Իսկ թե ինչպես են կոտրվել նրա ոտքն ու ձեռքը, չկարողացանք պարզել: Միայն հայտնի է, որ կնոջ հարազատներին են զանգահարել ու ասել, թե տիկինը Սեւանի ափի հանգստավայրերից մեկի բակում` ծղոտների մոտ է ընկած` սառած վիճակում:
Փորձեցինք զրուցել Ծովագյուղի գյուղապետ Գեւորգ Թովմասյանի հետ` պարզելու, թե ինչ է պատահել Թամարա Գուլանյանի հետ: Նրանից տեղեկացանք, որ Թամարայի ընտանիքը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է ապրում. «Ընտանեկան պրոբլեմ ա, սա առաջին ու վերջին դեպքը չի, որ նման բան ա տեղի ունեցել, սթրես ա ապրել, Սեւանն ա մոտ եղել, ընդեղ ա գնացել, խեղդել ա իրան: Իրանք ինձի շատ հարազատ ընտանիք են, իրա ընտանիքում մեկը մյուսի հետեւից դժբախտություններ էղան, ու ինքը չդիմացավ դրան: Էդքան բան»:
Թովմասյանը նշեց, որ Թամարայի որդին վերջերս ոտքն էր կոտրել եւ երկար ժամանակ չէր կարողանում քայլել, իսկ նրա ամուսինը հիվանդ էր, ընտանիքի ամբողջ հոգսը Թամարայի վրա էր. «Ինքը տղամարդ կնիկ էր, ինքը դրանից առաջ էլ երկու անգամ ուզեցել ա նման բան անի, իր հոգեկանը խանգարված էր: Միշտ էլ ասել ա` ես նման բան կանեմ, կգնամ, ինձ կգցեմ ծովը, լավ կյանքից նման բան չեն անի, վատ կյանքից են անում»: Նաեւ ասաց, որ Թամարայի հարազատներից դժվար թե որեւէ մեկը ցանկանա մեզ հետ զրուցել, քանի որ ոչ մեկն էլ որեւէ տեղեկություն չունի, թե 61-ամյա կինն ինչու է նման քայլի գնացել:
Իսկ ոստիկանության հասարակայնության կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ փետրվարի 1-ին` ժամը 13:40-ի սահմաններում, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում խեղդված կնոջ դիակ կա: Պարզվել է, որ այդ օրը` ժամը 11:00-ի սահմաններում, ծովագյուղցիները դիակ են նկատել Սեւանա լճի ափին եւ տեղյակ պահել համապատասխան մարմիններին: Ոստիկանությունից տեղեկացանք, որ կնոջ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Սակայն Թամարայի համագյուղացիները պնդում են, թե նրա հարազատներն ամեն կերպ փորձում են թաքցնել փաստը, որ Թամարային սպանել, հետո են Սեւանը գցել` մատնանշելով, որ եթե անգամ Թամարան խեղդված լիներ, ապա նրա թոքերը ջրից պետք է «պայթած» լինեին: Դատաբժիշկը եզրակացություն է տվել, որ թոքերը նորմալ վիճակում են եղել: Այսինքն` տիկինը խեղդվելուց չի մահացել:
ՍԱՌԱԾ ԿՆՈՋ ԴԻԱԿ` ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ