ՕՏԱՐՆԵՐԸ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը մոտ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Վրաստանից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանն ասաց, որ համույթը մանկական խմբով մեկնել էր մասնակցելու մի մրցույթի, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրները ներկայացնում էին իրենց ազգային երգն ու պարը: Հայկական խումբը Վրաստանից վերադարձել է հաղթանակով. համույթն արժանացել է դիպլոմի եւ մեդալի` որպես տարածաշրջանի լավագույն համույթներից մեկը: Սրանից բացի` խումբը բարեգործական համերգով է հանդես եկել Բաթումի հայկական եկեղեցու բակում:

Նման համերգները, ըստ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի՝ կարեւոր են այնքանով, որ դրանց միջոցով եւս մեկ անգամ օտարներին է ներկայացվում հայկական ազգային երգն ու պարը: Տարածված այն կարծիքը, թե օտարների համար հասանելի չէ հայկական ազգային երգն ու պարը, արվեստագետը չի կիսում. «Բազում համերգներով ենք հանդես եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Խորվաթիայում եւ երբեւէ չեմ լսել կամ զգացել, որ այլազգիներին հասանելի չէ մեր մշակույթը: Երբ բացատրական աշխատանքներ են տարվում, ապա ամեն ինչ էլ ընկալելի է: Օրինակ` ես անգլերեն չգիտեմ, բայց անգլալեզու երգեր լսում եմ, եթե ինձ հոգեհարազատ են»:
Համույթի ղեկավարը կարծում է, որ հայկական երգն ու պարը քարոզելուն զուգահեռ, պետք է տարվեն նաեւ բացատրական աշխատանքներ: Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը վստահեցնում է, որ այսօր աշխարհին կարող ես զարմացնել միայն քո ազգային արվեստով, ուստի այսօր պետք է քարոզել մաքրամաքուր հայկական արվեստը կլինի դա երգ, թե պար: «Այն, ինչ այսօր արվում է, մեծ մասամբ արվում է ոչ պրոֆեսիոնալ»,-ցավով արձանագրում է ստեղծագործողը:
Մյուս խնդիրը, որը հուզում է մեր զրուցակցին, այն է, որ տեղից վեր կացողը երգ է գրում, իսկ գրածն էլ քեֆերի մակարդակի գործ է: «Բոլորը դարձել են երգահան, աշուղ, ռեժիսոր ու չգիտեմ ինչ, ավելին` հաճախ ենք ականատես լինում` ինչպես են հայտնի երգը ձեւափոխում եւ հայտարարում, թե նոր բան են ստեղծել»: Նա, սակայն, միայն ստեղծագործողներին չի մեղադրում ոչ պրոֆեսիոնալ, քեֆչի գործեր ստեղծելու համար: Նրա կարծիքով՝ հանրության մի մասն ունի դրա պահանջը:
Չնայած արվեստում առկա խնդիրներին, արվեստագետը չի վհատվում` նա շարունակում է ստեղծագործել, պահպանել ազգային արվեստը. «Հիմա ես ժամանակակից տեխնիկայի օգնությամբ ձայնագրում ու տեսագրում եմ հետաքրքիր ազգային երգեր ու պարեր»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս