«Առաքել Մովսիսյանն ավելի լավ կլուծեր սահմանադրական խնդիրները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն երեք նախագահ է ունեցել,և արդեն երրորդ անգամ Սահմանադրություն փոխելու կարիք կա: «Այստեղ կապ կա, ու ամեն Սահմանադրություն գրվում է տվյալ նախագահի համար»,-նկատեց նա:

Խուրշուդյանն առաջարկեց Սահմանադրության մեջ գրել, որ յուրաքանչյուր նախագահի համար պետք է նոր Սահմանադրություն ընդունվի, որ ավելի ամրապնդի նրանց իշխանությունը: Նա նկատեց, որ երկրի առաջին երեք դեմքերը գերազանցում են 50 տարեկանը, և նրա խոսքով՝ կարելի է դա էլ ամրագրել Սահմանադրությամբ:

«Այսօր գործող հիմնական անձինք, որոնք առաջիկա տարիներին ղեկավարելու են մեր երկիրը, և դրա մասին հայտարարվել է. Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը 50 տարեկանի ցենզին համապատասխանում են: Գալուստ Սահակյանին ավելի շատ կսազի վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանին՝ նախագահի, Սերժ Սարգսյանին էլ՝ ԱԺ նախագահի»,- հայտարարեց նա:

Խուրշուդյանի խոսքով` հիմա այնպես պետք է փոխեն Սահմանդրությունը, որ օլիգարխիայի 1 տոկոսի մեջ բաժանի իշխանությունը, որ գոհ մնան ու իշխանափոխություն էլ չլինի:

«Ես կարծում եմ՝ սահմանադրական հանձնաժողովի անդամներին էլ պետք է փոխել, ավելի պրոֆեսիանալ մարդկանցով համադրել, օրինակ՝ Առաքել Մովսիսյանը շատ ավելի լավ կարող է այդ խնդիրները լուծել ու ավելի ճիշտ առաջարկներ անել, քան մեր փորձառու ինստիտուցիոնիստները»,-եզրափակեց նա:




Լրահոս