Ասում են` «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եւ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը` ՕԵԿ-ի գրասենյակը «հաց ու կալբասով» մշտապես ապահովող Գերասը, որոշել է վերադառնալ` պատգամավորության թեկնածու առաջադրվելով հարազատ Սյունիքի մարզում:
Սյունիքում, իհարկե, ահեղ պայքար է սպասվում, սակայն Գերասը հույս ունի, որ սիրելի Արթուր Վահանիչը կօգնի եւ իրեն կդարձնի պատգամավոր: Թե այս անշուք ու որեւէ մեկի կողմից լուրջ չընդունվող մարդն ինչպես դարձավ գյուղնախարար, միայն Արթուր Բաղդասարյանը կարող է բացատրել, բայց նա էլ դա չի անի, որովհետեւ այդ շրջանում հարկավոր էր ավարտին հասցնել Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցումը, ֆինանսական միջոցներ եւ այլ «ներհոսքեր» էին հարկավոր: Իսկ Գերասիմ Ալավերդյանն այդ ամենը կարող էր ապահովել սիրելի շեֆին ու նորընծա օլիգարխին, ով պայքարում էր հանուն արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի` իր «բոստանի» շրջանակներում: «Ով ինձ ճանաչում է, պետք է իմանա մի բան, որ մեր նախարարները չեն կարող ակտիվ չլինել կուսակցության մեջ, հակառակ դեպքում չէին լինի նախարար: Մեր նախարարներից յուրաքանչյուրը շատ լուրջ կուսակցական, քաղաքական պարտավորություններ է ստանձնել»,-իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն այդ լուրջ կուսակցական եւ քաղաքական պարտավորությունների մեջ էր մտնում նաեւ շեֆի հրահանգների կատարումը: Եւ Գերասը կատարում էր:
Հիշենք, թե ինչպես նախարար եղած ժամանակ աշխատանքից ազատել էր իր գերատեսչության ենթակայության տակ գտնվող չորս ՊՈԱԿ-ների տնօրենների, որոնցից Գյումրու գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնանկությունը երկար ժամանակ մնաց Գերասիմ Ալավերդյանի «կոկորդում»: Արթուր Վահանիչը որոշել էր պատժել իր նախկին կուսակից Կամո Զաքարյանին, ով, տեսնելով շեֆի պատվիրված ընդդիմադիրությունը, հեռացել էր կուսակցությունից: Եւ հլու կամակատար Գերասն էլ նրան ազատել էր աշխատանքից` պատճառաբանելով վարձերի վատ հավաքագրումը: Բայց սա չէր կարեւորը, առավել հետաքրքիր էին իրադարձությունների զարգացումները, երբ Գերասի հայտարարած իբր մրցույթով տնօրեն «ընտրվեց» նույն այս քոլեջի երրորդ կուրսի ուսանող Գագիկ Վարդանյանը` Գյումրիում բոլորին հայտնի Ղոռղոռ Գագոն, ով նաեւ հասցրել էր մի գումարման ԱԺ պատգամավոր լինել: Հայտնի է, որ Ղոռղոռի համար բարեխոսել էին Արթուր Բաղդասարյանին:
Դեռեւս 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Գերասիմ Ալավերդյանը մի անհոդաբաշխ հայտարարություն արեց, որից պարզ դարձավ, որ գլխին ամպեր են կուտակվել, եւ որ երկրի նախագահը պարտադրել է Արթուր Բաղդասարյանին անհապաղ հետ կանչել մեր գյուղատնտեսության պատմության մեջ ամենատխրահռչակ եւ ամենաանգործունյա նախարարին: «Ինչ վերաբերում է իմ պաշտոնանկության մասին լուրերին, ես դա գտնում եմ քաղաքական որոշում, դա մեր քաղաքական թիմի որոշումն է: Ես իմ կուսակցության զինվորն եմ, եւ որտեղ նպատակահարմար կգտնի իմ կուսակցությունն իմ աշխատանքները, այնտեղ էլ կաշխատեմ: Դեռեւս նման հարց չի քննարկվել, բայց ես ձեզ ասեմ, որ մենք նաեւ կուսակցությունում ենք քննարկելու այս բոլոր հարցերը, խնդիրները, եւ այնտեղ եւս տրվելու են գնահատականներ»: Երեւի Գերասին «անբավարար» գնահատական էին նշանակել հարազատ կուսակցությունում, դրա համար էլ հեռացավ` վերջին պահին չմոռանալով իր հետ տանել նաեւ գյուղնախարարի աշխատասենյակում տեղադրված հեռուստացույցը: «Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահն ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար, այդ որոշումը ես քննարկել եմ նաեւ նախագահի հետ»,-Գերասի պաշտոնանկության առթիվ բացատրություն էր տվել Արթուր Բաղդասարյանը: Հետաքրքիր է, այս քաղաքական թիմը երբեւէ չէ՞ր տեսել նախարարի անօգնական վիճակը, վատ աշխատանքը, անտեղյակությունը ոլորտից, մանավանդ որ կուսակցությունն իր պոպուլիստական ծրագրերի եւ հայտարարությունների թիրախ մշտապես գյուղաշխարհն է դիտարկել:
Հիմա էլ, հավանաբար, գրեթե զրոյական վարկանիշ ունեցող կուսակցությունը հենվելու է գյուղացիության ձայների վրա: Դե հո գյուղացիությունն այնքա՞ն էլ տեղյակ չէ, թե ինչպես է, «սոցիալական արդարություն» ու «քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքար» հայտարարելով, Արթուր Բաղդասարյանը դարձել երկրի գլխավոր օլիգարխներից մեկը… Ի դեպ, Գերասիմ Ալավերդյանն «Օրինաց երկիր» կուսակցության ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Գյուղատնտեսությունը տապալող, հայ գյուղացուն մեծագույն հոգսերի առջեւ կանգնեցնող մարդը` ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ: Ասենք, ինչո՞ւ զարմանանք, երբ այս կուսակցության մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահն էլ մի ժամանակ Սամվել Բալասանյանն էր: Խե~ղճ հայ գյուղատնտեսություն եւ խե~ղճ հայ մշակույթ: Ինչքա~ն անլուրջ պիտի լիներ կուսակցության վերաբերմունքը գյուղատնտեսության նկատմամբ, որ նախարար նշանակեր պոլիտեխնիկական կրթությամբ մարդու, ով 1994-2003թթ. աշխատել է ՀՀ հարկային համակարգում` Կապանի տարածքային հարկային տեսչությունում որպես պետական հարկային տեսուչ, ապա` ավագ տեսուչ, ապա` պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի մարզային բաժնի պետ: 2004-2008թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատում որպես խորհրդի անդամ, ապա` Պետական բյուջեի վերահսկողության վարչության պետ: 2008թ-ից աշխատել է ՀՀ Վերահսկիչ պալատում որպես վարչության պետ, սպասարկել է գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային համակարգի ոլորտները: Հետաքրքիր է, եթե Աստված մի արասցե, Գերասը պատգամավոր դառնա, ո՞ր հանձնաժողովում է աշխատելու:
ԳԵՐԱՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է` Ի ՓԱՌՍ ՕԵԿ-Ի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ