ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 414 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում եղել է 2 մլն 871 հազ. 509 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011թ. մարդահամարի նախնական տվյալները: Ըստ այդմ` հաշվեգրված բնակչության թիվը (ներառում է ինչպես ներկաներին, այնպես էլ հանրապետությունից բացակայողներին) 3 մլն 285 հազ. 767 է: Իսկ նախորդ` 2001թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 մլն 458 հազ. 303 էր: Այսպիսով` 10 տարվա ընթացքում հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ, իսկ ներկայում հաշվեգրված բնակչության 12.6 %-ը կամ 414 հազ. մարդ բացակայել է հանրապետությունից:

ՀԱՐՑ. Ի՞նչ կարծիքի եք այս մասին եւ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ բնակչության հիմնական մասը կենտրոնացված է հենց Երեւանում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ ցավալի երեւույթ է, ողբերգություն է ուղղակի, եւ եթե այսպես շարունակվի հայաթափումը կամ ժողովրդի արտահոսքը երկրից, ինչպե՞ս կարող ենք մենք երազել հզոր հայրենիք ունենալու մասին: Ես չեմ թաքցնում, որ իմ երկու աղջիկներն էլ գտնվում են արտասահմանում` գիտնականներ են: Շատ եմ ափսոսում, բայց ինչ արած, գերազանց ավարտեցին ինստիտուտները, աշխատանքի տեղ չկար:

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Սա, իհարկե, ազգային աղետ է, եւ այդ մտահոգությամբ էլ անցած տարի Հայաստանի մտավորականների մի խումբ տագնապի ահազանգ հնչեցրեց. եղան քննարկումներ, անգամ Գրողների միության նախագահությունն Օշականում հանդիպեց հանրապետության վարչապետի հետ, եւ մենք դիմեցինք ԱԺ նախագահին, այն ժամանակ Հովիկ Աբրահամյանն էր, խոստացան, որ պիտի լինեն խորհրդարանական լսումներ, նույնիսկ մոտավոր օրն էր նշվում, բայց Հովիկ Աբրահամյանը փոխարինվեց, դրանից հետո այդ գործընթացը մտավ փակուղի: Կարծում եմ` այս նախընտրական քաոսը հիմա մեր ուշադրությունը որոշ ժամանակ էլ ավելի կշեղի այս կարեւոր հիմնահարցից, մնաց սպասենք մայիսից հետո. խորհրդարանի առաջին իսկ օրակարգային հարցը պետք է լինի այդ հարցի քննարկումը` օրենսդրորեն եւ ընդհանրապես գտնել ուղիներ, որպեսզի մենք մեր աչքի առաջ ուղղակի չդատարկենք մեր հանրապետությունը:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
Գրողների միության նախագահ  

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես շատ տարբեր թվեր են ներկայացնում պաշտոնապես, եւ այդ թվերի մեջ հակասություններ կան: Ես կարող եմ ասել, որ այսօր պատճառը կարող է մեկը լինել, որ Հայաստանն այսօր ծանր տնտեսական վիճակի մեջ է, որտեղ միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ միասին կա նաեւ ներքին տնտեսական քաղաքականության որոշակի տրամաբանություն, որը չի խրախուսում երկրի զարգացմանը, արդյունքում աշխատատեղեր են կրճատվում, եւ մարդիկ, ելնելով իրավիճակից, հեռանում են երկրից:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս