2011 թվականի փետրվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Թորգոմ Սարուխանյանի հարազատները դժգոհ են նախաքննական մարմինների աշխատանքներից:
«Քննիչը միշտ ուզում էր պնդել, որ վեճի արդյունքում է ինքնասպան եղել: Ուզում էր համոզել, որ վեճ եղել է: Բայց ես իմ որդուն ճանաչում եմ: Լավ են ճանաչում նրան շրջապատողներն էլ, եւ զորամասում էլ լավ գիտեն` Թորգոմն էդ քայլին գնացող չէր, ինքն էդքան թույլ մարդ չէր»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի մայրը:
Նշենք, որ Թորգոմ Սարուխանյանի մահվան գործով որպես կասկածյալ ձերբակալվել են նույն զորամասի ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ժամկետային զինծառայողներ Հրանտ Կարապետյանը եւ Ռոբերտ Բադալյանը: Առաջին երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 375 հոդվածի երկրորդ մասով, իսկ Ռոբերտ Բադալյանին` քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով: Վերջիններս իրենց մեղավոր չեն ճանաչել եւ հրաժարվել են ցուցմունք տալուց: Հունվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է սույն գործով առաջին դատական նիստը, որի մասին, սակայն, մահացած զինվորի հարազատներին տեղյակ են պահել միայն նիստի օրը: Ըստ Թորգոմի մոր` Լենա Սարուխանյանի` հունվարի 18-ի առավոտյան են իրեն ծանուցագիր ուղարկել` հայտնելով, որ դատական նիստը նշանակված է ժամը 16:00-ին: «Դատավարության օրն եմ ստացել ծանուցագիրը: Եթե ես ինքնաթիռ էլ ունենայի, չէի հասնի Սյունիք` որդուս գործով դատավարությանը»,-շեշտեց Լենա Սարուխանյանը:
Հիշեցնենք` Թորգոմ Սարուխանյանն ազգային բանակ զորակոչվել էր 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Գյումրու զինկոմիսարիատից: Ծառայության 14 ամիսների ընթացքում, ըստ հարազատների, երբեւիցե չի դժգոհել: Մայրը դեպքից մեկ օր առաջ է խոսել որդու հետ: Փետրվարի 11-ին Թորգոմը տեղեկացրել է, որ ինքը վերակարգ է ընդունելու, իսկ հաջորդ օրը կփորձի կրկին զանգահարել: Սակայն փետրվարի 12-ին հարազատները տեղեկանում են, որ Թորգոմը պահակակետում հրազենային վնասվածքից մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն` 22-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել: Զորամասից Թորգոմի հարազատներին տեղյակ են պահել, թե իրենց որդին երկտող է գրել, որ ինքնասպանության համար ոչ մեկին չմեղադրեն եւ չդիահերձեն: Լ.Սարուխանյանը պնդում է, որ ոչ մի երկտող չի եղել, եւ որ նախաքննական մարմինները միտումնավոր են տարածել այդ լուրերը, որպեսզի գործի իրական փաստերը չբացահայտվեն:
Նշենք, որ զինվորի մայրը բազմաթիվ դիմում-նամակներ է ուղարկել հանրապետության նախագահին, պաշտպանության նախարարին` պահանջելով գործի արդարացի քննություն: Իսկ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված նամակում Լենա Սարուխանյանը խնդրել է, որպեսզի դատական նիստերը Սյունիքի մարզից տեղափոխվեն Երեւան: Պատասխանը բացասական է եղել: Հերթական դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 7-ին, սակայն հեռավորության եւ առողջական խնդիրների պատճառով մայրը դարձյալ չի մասնակցելու դատաքննությանը:
Գյումրի