«Գալիս ենք առաջին ժամով, ուսուցիչն առաջին ժամը չի ներկայանում, ու ըտենց մինչեւ յոթերորդ ժամ»: Սա Լոռու մարզի Աքորի համայնքի աշակերտների բողոքն է ուսուցիչներից: Վերջիններս էլ իրենցն են պնդում: «Չենք աշխատելու այնքան, մինչեւ լինի արդար նոր ընտրություն»,-ասում է դպրոցի փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը, ուսուցչուհի Սեդա Թոմոյանն էլ ավելացնում է. «Մենք ասում ենք` կեղծիքներով ընտրված տնօրեն մեզ պետք չէ: Մենք պահանջում ենք նոր, ազատ, արդար ընտրություն»:
Աքորի համայնքի միջնակարգ դպրոցում դասընթացն ընդհատվել էր դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից: Հունվարի 18-ին այն մի կարճ ժամանակով վերսկսվել է, սակայն կրկին դադարել: Ուսուցիչները չեն հաշտվում տնօրենի ընտրության արդյունքների հետ: Չեն ընդունում նոր տնօրեն Անահիտ Մուսայելյանին: Նրանք նախ չեն ուզում, որ քաղաքից եկած մասնագետը ղեկավարի դպրոցը, բացի այդ` համոզված են, որ ընտրություններն անցել են օրենքի խախտումով: «Ես` Սեդա Թոմոյանս, Վեներա Նիազյանը, Սամվել Կիրակոսյանը եւ Անահիտ Թաթոյանն ընտրել ենք Արմեն Նիազյանին, սակայն մեզանից մեկի ձայնը կեղծվել է, կեղծիքը կատարվելուց հետո հաշիվը ստացվել է 5-3»,-ասում է ուսուցչուհիներից մեկը: Տնօրենի պաշտոնի հավակնորդ Արմեն Նիազյանը, նաեւ ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտական խորհուրդը դիմում-բողոքներ են ներկայացրել տարբեր ատյաններ: Արձագանքներ եղել են. վերջին այցը Կրթության պետական տեսչությունից էր: «Դիմում կա, եկել ենք` փաստաթղթերն ուսումնասիրենք: Արդյունքների մասին սահմանված կարգով կտեղեկացնենք»,-վստահեցնում է Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթական տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը:
Սակայն Արմեն Նիազյանն իրենն է պնդում. «Տնօրենի թափուր տեղի համար մասնակցել եմ: Կատարվել են խախտումներ: Ժողովուրդը, նաեւ խորհրդի 4 անդամներ փաստում են, որ ինձ են ընտրել, բայց կեղծված ա մի ձայնը»: Մինչդեռ Աքորիի գյուղապետ Կամո Պետրոսյանը բացառում է կեղծիքի փաստը: Ասում է, որ քվեարկությունն ամբողջությամբ նկարահանվել է: Բաց քվեարկության արդյունքում 2 ձայնի առավելությամբ ընտրվել է Մուսայելյանը: «Կրթության նախարարությունից իրենք ստացել են պատասխան, դատախազությունը ստացել է պատասխան: Արդյունքը նա է, որ ընտրությունն անցել է շատ ազատ, թափանցիկ եւ արդար»,-ասում է Աքորիի գյուղապետը: Անօրինությունը բացառում է նաեւ ընտրված տնօրենը: Անհիմն է համարում ուսուցչական կազմի պահանջը, որ տնօրենը լինի համագյուղացի: Բողոքարկումներ կարող են լինել, բայց երեխաներին զենք դարձնելն ու դասերը տապալելն անընդունելի են: «Բողոքելու բան ունեին, ես ասում եմ` ե՛ւ դաս արեք, ե՛ւ բողոքեք, բայց դասապրոցեսը մի՛ տապալեք: Երեխան մեղավոր չէ: Դուք տվե՛ք դատարան: Բողոքում եք, բողոքե՛ք, բայց ձեր գործո՛վ զբաղվեք»,-ասում է ընտրված տնօրեն Անահիտ Մուսայելյանը: «Մենք միայն մի ձեւով կարող ենք մեզ պաշտպանել. մեզ լսող չկա, միայն դասադուլով կարող ենք, պարապմունքները դադարեցնելով»,-իր հերթին իրենց քայլը հիմնավորում է փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը:
Այս ամենի արդյունքում աշակերտները հայտնվել են պայքարի կենտրոնում: Դպրոցում հայտարարված դասադուլը շարունակվում է, եւ աշակերտների մի մասն ընդհանրապես դպրոց չի գալիս: Մյուս մասն էլ գալիս է, սպասում դասարանում, բայց ուսուցիչն այդպես էլ դասարանի դուռը չի բացում: «Ես եկել եմ դասի, իմ եղբայրներն էլ են եկել դասի, բայց իրանց ուսուցիչներն ասել են, որ դաս չկա: Եթե մենք դասի չգանք, իրանք մեզ դպրոցից կհեռացնեն: Շատ երեխաներ 160 ժամն արդեն լրացրել են»,-բողոքում է աշակերտներից մեկը: Նշենք, որ աշակերտների բացակայությունների քանակն արդեն մոտ է թույլատրված 160 ժամին, որից հետո անհարգելի բացակայություններն, ըստ օրենքի, չեն ներվի:
Վանաձոր