1 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային նորաստեղծ ստորաբաժանումը  տեղափոխվել է  Իջեւանի գորգագործական կոմբինատի նախկին մանկապարտեզի շենք, ուր գործում է նաեւ նույն կառույցի Իջեւանի սպասարկման գրասենյակը: Այս շենքը մինչ այդ վերանորոգվել է, «պատրաստվել» կադաստրի աշխատակիցների մուտքին: Նշենք, որ նախկին մանկապարտեզի շենքը  սեփականաշնորհվել է եւ գրանցվել Սեյրան Սարիբեկյանի անունով: Վերջինս Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմ անձն է: Իջեւանցիների կարծիքով` նախկին մանկապարտեզի շենքը Վարուժան Ներսիսյանի սեփականությունն է: Մինչ կադաստրի մարզային կառույցի ստեղծումը, կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումը գործում էր Տավուշի մարզպետարանի կողքին, ուր տեղակայված է նաեւ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Կադաստրի աշխատակիցների` նոր շենք տեղափոխվելուց հետո  հին գրասենյակի հարեւանությամբ` փողոցում, թափված էին զանազան փաստաթղթեր: Կարելի է միայն ենթադրել, թե ինչու են կադաստրի թղթերը հայտնվել փողոցում: Մեր տվյալներով` նախկին մանկապարտեզի տարածքի վարձակալության համար պայմանագիր է կնքվել, ըստ որի`  ամեն ամիս կադաստրի պետական կոմիտեն որպես վարձավճար պետք է սեփականատիրոջը վճարի շուրջ  մեկ միլիոն դրամ: Կադաստրում գործի բնույթի առումով լավ գիտեն անշարժ գույքի գները, տեղյակ են, որ այդ շենքի 5-6 տարվա վարձավճարով կարող են  Իջեւանում նման շենք գնել: Թե ինչու են գերադասել վարձակալությունը, կարելի է կռահել: Կադաստրի նորաստեղծ մարզային ստորաբաժանումը ղեկավարում է Իջեւանի կառույցի նախկին ղեկավար Կոլյա Խաչատրյանը: Վերջինս ասաց, որ անտեղյակ է, թե ինչ փաստաթղթեր են հայտնվել փողոցում: Կոլյա Խաչատրյանից փորձեցինք տեղեկանալ շենքի վարձակալության շուրջ 1 միլիոն գումարի մասին, սակայն նա պատասխանեց, որ իրավասու չէ լրագրողի հետ այդ մասին խոսել եւ խորհուրդ տվեց դիմել կադաստրի լրատվական ծառայություն: Այդտեղից էլ մեզ խնդրեցին  հարցերն  էլեկտրոնային փոստով ուղարկել: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին հղում անելով` նամակը հունվարի 31-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է, սակայն մինչ օրս դեռ պատասխան չկա, թեեւ, ըստ օրենքի, այն արդեն պետք է լիներ:  Հետո էլ հայտարարում են, թե կադաստրը բարեփոխվել է եւ թափանցիկ է աշխատում: Ի դեպ, Տավուշի մարզի դատախազությունը մի խնդրի առնչությամբ  Կոլյա Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել, սակայն  անցյալ տարի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով նա արդարացվեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս