«ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՄԵՂՔ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից ստուդիայում, եղել է Խորեն Աբրահամյանի սանը: Հիմա թատրոնում չի աշխատում, նկարահանվում է «Եզրագծից այն կողմ» սերիալում` Մարատի դերակատարն է:
-Սունդուկյան թատրոնում կարճ ժամանակ եք աշխատել, ինչո՞ւ:
-Ես նույնիսկ դա չեմ էլ հաշվում: Այն ժամանակ, երբ պետք է դառնայի Սունդուկյան թատրոնի հիմնական դերասան, որն իմ երազանքներից մեկն էր, մի փոքրիկ հեղափոխություն եղավ, երկնագույնը մի փոքր ավելի շատ տիրեց Սունդուկյան թատրոնում, ու ես դուրս մնացի:
-Հետո ինչո՞վ սկսեցիք զբաղվել:
-Ես ամեն ինչ էլ արել եմ: Փնտրող եմ, ամեն ինչ փորձում եմ: Ոսկերչություն եմ արել, կաշվի հետ էլ եմ աշխատել, սվարկա էլ եմ արել, դարբնություն էլ, Ղարաբաղում էլ եմ կռվել, սայլակ էլ եմ քշել, դեռ 3 երեխա եմ ունեցել: Էլ ո՞րն ասեմ: Կյանքը տարբեր բաներ է մատուցում, բայց միեւնույն է, ես կյանքը շատ եմ սիրում, այն հիասքանչ է:
-Իսկ ի՞նչը չեք սիրում:
-Դավաճանությունը: Ցանկացած դավաճանություն ինձ համար վերջն է: Ա՛յ էդ դավաճանություններն են շատացել, որ մենք դեպի անդունդ ենք գլորվում: Մարդիկ անհանդուրժող են դարձել, սերը շատ քիչ ա:
-Ի՞նչը մեզ կփրկի:
-Հիմա արդեն գեղեցիկն էլ չի փրկի:
-Անհո՞ւյս ենք:
-Չէ՛, ուղղակի մեզ տրագեդիայա պետք: Հայ ազգը միշտ դեպրեսիայի ժամանակ է հասկանում, որ սերը լավ բան ա: Դարդ է պետք, որ միախմբված լինեն: Բայց թող էդ տեսակ վատ բաները մեզնից հեռու լինեն, երկինքն էլ լինի խաղաղ ու իմ չսիրած գույնի` երկնագույն:
-Ձեզ բազմաթիվ ոլորտներում եք փորձել: Վերջը գտե՞լ եք` որն է Ձերը:
-Այդ ոլորտներում ես ինձ չեմ փորձել, որ գտնեմ: Երբ Խորեն Աբրահամյան գտա, արդեն իմ տեղն էլ իմացա: Մնացած բաներն արել եմ ու դեռ շատ բաներ էլ կանեմ, որովհետեւ պարապ չեմ սիրում մնալ: Սիրում եմ փորփրել, հետազոտել, դա է բերում մարդուն իմաստության:
-«Եզրագծից այն կողմ» սերիալում մարմնավորում եք Մարատին, ով ոչ այդքան խելացի է, ոչ այդքան զարգացած, բայց հեռուստադիտողը սիրել է նրան:
-Հա, ինքը հա՛մ գեշ ա, հա՛մ անկիրթ ա, երբեմն էլ բռի: Գիտեք` ինչու են Մարատին սիրում, որովհետեւ էդ տղեն կարողանում ա անկեղծ սիրել:
-Երբ փողոցում ճանաչում են, ի՞նչ են ասում:
-Վա՜յ, սիրում են, ուզում են նկարվել հետս: Ես էլ նենց հաճույքով եմ անում, ոչ թե ես ինձ աստղ եմ զգում, այլ իրենց մի մասնիկը, ու լավ ա, որ ինձ սիրում են, ես էլ իրենց եմ սիրում:
-Մարատն ու Կարենն ունե՞ն ընդհանուր գծեր:
-Այո՛, անկեղծ սիրելն է: Ես էլ շատ եմ սիրում կնոջս, ծնողներիս, երեխաներիս, ընկերներիս, Երեւանը: Ես երեւանցի եմ ու իմ քաղաքի ամեն մի բորդյուրը սիրում եմ:
-Վերջին ժամանակաշրջանում Երեւանում արտաքին շատ փոփոխություններ տեղի ունեցան: Ինչպիսի՞ գնահատական կտաք այդ ամենին:
-Դրական, բայց էդ ամեն ինչն իզուր ա, որովհետեւ երբ երեւանցին ծխում ա ու կտցնում սիգարետն անհասկանալի տեղ, երբ ուղտի նման թքում ա իր Երեւանի վրա ու աղջիկների հետեւից էլ անհամ ռեպլիկներ ա անում, արդեն քաղաքը գեշ ա, ինչքան ուզում եք` սիրունացրե՛ք: Դաստիարակություն չկա, մեղք ենք:
-Դուք 3 որդի ունեք, ի՞նչ սկզբունքներով եք նրանց դաստիարակում:
-Դեռ 3-ն են: Մեծը 13 տարեկան է, միջնեկը` 10, փոքրը` 6, բայց ես պիտի ավելի շատ երեխա ունենամ: Ուզում եմ ճիշտ դաստիարակված երեխաներ շատ ունենալ: Տղաներիս առաջին հեթին ասում եմ` սիրե՛ք հայրենիքը, հետո նոր մամա ու պապան, սիրե՛ք ձեր լեզուն, հասկացե՛ք` ինչ է սերը, գնահատե՛ք ամեն ինչը:   
-Ձեր ծնողնե՞րն էլ են Ձեզ այդպես դաստիարակել:
-Իմ պապան ինձ մի բան համոզելու համար կարող էր ռեմենի դիմել, ինչից ես չեմ դժգոհում, այն ժամանակ դա էր ճիշտը: Գոհ եմ իմ ծնողների տված դաստիարակությունից, եթե էդպես չդաստիարակեին, կարող ա էդ ուղտերից մեկն էլ ես հիմա լինեի: Բայց հիմիկվա երեխային ավելի հեշտ ա համոզել, որովհետեւ նրանք ավելի շուտ են հասկանում:
-Կարողանո՞ւմ եք Ձեր տղաների հետ ժամանակ անցկացնել:
-Ճգնում եմ, որ էդպես ստացվի, ու ստացվում է: Հնարավոր է՝ ոչ շատ հաճախ, բայց ստացվում է: Մեռնում եմ նրանց հետ կռիվ-կռիվ խաղալու համար, նրանք են իմ ունեցվածքն ու երջանկությունը:
-Մի տան մեջ 4 տղամարդ ու մի «խեղճ» կին, որ բոլորիդ մասին հոգ է տանում…
-Բայց ինչի՞ ա խեղճ, նա մեր տան աստվածուհին է, ու մենք` մեծից մինչեւ պուճուր, ջանում ենք, որ նա իրեն հենց էդպես զգա: Մենք օգնում ենք նրան, մեր տեղերը, թափածները հավաքում ենք: Նա մեզ համար կին չի, մեր մայրն ա ու աստվածուհին:
-Կարծես թե ամեն ինչ ունեք` սիրելի կին, որդիներ, բայց վստահ եմ` կգտնվի մի բան, ինչը պակասում է:
-Տուն չունեմ, վարձով եմ ապրում: Իսկ ընդհանուր առմամբ դա էլ լուրջ պրոբլեմ չի: Ինչ ինձ պետք է, ես ունեմ: Իմ համար հոգեւոր պակասն է կարեւոր, ոչ քարային: Շատ ավելի վատ կլիներ, որ 4 հատ տուն ունենայի, բայց կողքիս լիներ իմ համար տհաճ մարդ: Իմ ընտանիքն է իմ հարստությունը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս