Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածու Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ նախորդ տարի սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է, կոչ է անում գորիսեցիներին իրենց ձայնը տալ անկուսակցական թեկնածու Հրայր Յոլյանին:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու`անկուսակցական Հրայր Յոլյանը և ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Արա Բուդաղյանի հետ: Վերջինս հաստատեց տեղեկատվությունը:
-Պարո՛ն Բուդաղյան, ինչո՞ւ եք ցանկանում Հրայր Յոլյանին տեսնել Գորիսի քաղաքապետի պաշտոնում:
-Որովհետև Վաչագան Ադունցի հետևում կանգնած է Լիսկան:
-Իսկ գորիսեցիները կլսե՞ն ձեր կոչը:
-Ես իմ խնդրանքն այն մարդկանց եմ ուղղել, որոնք կլսեն ու կընդունեն:
-Իսկ Գորիսում ինչպիսի՞ մթնոլորտ է, լարվա՞ծ է իրավիճակը:
-Չէ՛, հանգիստ վիճակ է:
-Ձեր կարծիքով` ո՞վ կհաղթի ընտրություններում:
-Կարծում եմ` Յոլյանը:
-Տեղեկություններ կան, որ Գորիսում վախի մթնոլորտ է, և շատերը, Սուրեն Խաչատրյանից վախենալով, ստիպված ձայն պետք է տան Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցին:
-Բայց Լիսկան ո՞վ է, որ նրանից վախենան: Նրանից վախենում են միայն թույլ մարդիկ: Ես կարծում եմ` գորիսեցիների մեծ մասը ցանկանում է Յոլյանին ընտրել:
Սոնա Դավթյան