«Ժողովուրդ»-ը իր երկու համարներում հրապարակեց բավականին աղմկոտ հարցազրույցներ «Միաբանություն» ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ: Մինչ օրս հասարակական-քաղաքական բավականին ընդգրկուն շրջանակներ շարունակում են քննարկել Կարախանյանի հայտարարությունները: Ի վերջո, որտեղի՞ց է նրան այդքան բանը հայտնի: Մեր այս հարցին, Կարախանյանը պատասխանեց. – Ասեմ ձեզ, որ այսօր կան քաղաքական եվ իշխանական օղակներին մոտ գտնվող մարդիկ, որոնց ասում են` այս արե՛ք, գնում- անում են` լինելով ծառայամիտ կամ կաշառվող: Բնական է, որ բացի գործիք լինելուց, նրանք այլ խնդիր չունեն: Եւ բացի դա կա նաեւ մի այլ ուղղություն, որի հետ Ռուսաստանի իշխանությունները վերջին 2-2,5 տարում իրականում աշխատում են: Եւ ավելի ակտիվացվում է այն ուղղությունը, որը ունի իր կարծիքը եւ անցել է վերջին քաղաքական-պատմական փուլերով: Տրվեցին այդ հնարավորությունները, այդ հարթակը, եւ մենք էլ ակտիվ աշխատում ենք այդ դաշտում: Խոսքը գնում է Հարավ-Կովկասյան ուղղությանը` այդ թվում նաեւ` Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հարցերին:Թող աբսուրդային չհնչի, բայց այսօր միայն Ռուսաստանի շնորհիվ է, որ Ղարաբաղյան հարցը ամենաբացասական լուծումները չի ստացել: Հայկական իշխանությունները այս հարցում մեկ լումա իսկ չունեն:Իրենց մենք անգամ հարց ենք տվել, ասել ենք` մի հատ հրապարակեք այդ արձանագրությունները կամ բացատրեք` ինչին եք համաձայնել, որ տարիուկես առաջ թուրքերի ու ադրբեջանցիների հետ նստել էիք բանակցությունների, ինչ պայմաններով համաձայնվեցին: Այս հարցին պատասխան չտրվեց, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ եղել են այն հայտնի կետերը, որոնց մասին այսօր բոլորը խոսում են` շրջանների վերադարձ եւ այլն, եւ այլն: Այսօր զուտ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել խնդրի լուծման, ամեն ինչ գնում է պատերազմի (մոտ 2012թ): Այս առումով անհրաժեշտ է լինել իրատես եւ գիտակցել, որ միայն Ռուսական կողմը իր անմիջական մասնակցությամբ եւ ներկայությամբ կարող է կասեցնել ռազմական ոտնձգություններն ու ապագայում ապահովել Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը: Այսօր բոլորը հասկանում են, որ չի կարելի ունենալ երկրորդ Կոսովո ու Ալբանիա, իսկ թեման ամփոփելու համար նշեմ, որ մինչեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորածության չգան դիսլոկացիոն հարցերի շուրջ` ով որտեղ է կանգնած լինելու, ինչու է կանգնած լինելու եւ ինչ գործառույթներով, այս հարցը չի լուծվելու: Որովհետեւ սա գլոբալ աշխարհաքաղաքական հարց է եւ կապված է ոչ միայն Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջանի, այլեւ Վրաստանի ու Իրանի հետ:
ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ