ՀԱՐՑ. Անցած տարի կադաստրում ժառանգությունը հաստատելու համար անհրաժեշտ էր վճարել 13.000 դրամ: Այժմ այդ նույն ծառայությունը դարձել է 26.000 դրամ: Կխնդրեի մանրամասնել, թե ինչու են գները փոփոխվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի գրանցման ծառայությունների գումարները պարզեցվել, հստակեցվել ու սահմանվել են օրենքով, որի արդյունքում տարբեր իրավունքների գրանցման համար նախատեսված վճարները միջինացվել են: Արդյունքում առանձին իրավունքների գրանցման ծառայությունների գները նվազել են, մյուսներինը` որոշ չափով ավելացել:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն Երվանդ Զախարյանի ղեկավարած կառույցում գների պարզեցում ասելով` տվյալ ծառայության գինը կրկնապատկել են: Նշվում է նաեւ, որ որոշ ծառայությունների համար վճարաչափերը նվազեցվել են: Անհասկանալի է, թե ինչից ելնելով են գները բարձրացել կամ, ինչպես հավաստիացվում է, նվազել: Տվյալ դեպքում մեր ընթերցողին հուզող ծառայությունը պահանջված կարելի է համարել, եւ եթե կադաստրում ժառանգությունը հաստատելու վճարաչափն է բարձրացել, ապա կարելի է ենթադրել, որ հատկապես պահանջված ծառայությունների գներն են վերանայել: