ՀԱՐՑ. Հեռուստատեսությամբ անընդհատ գովազդում են, որ առանց տոկոսադրույքի կենցաղային տեխնիկա են վաճառում: Այդ գովազդները լսելով` «Սամսունգ» խանութների ցանցից 175.000 դրամով ապառիկ գնեցի հեռուստացույց` համոզված լինելով, որ ավելորդ գումարներ չեմ վճարի: Բայց բանկում անակնկալի եկա. ինձ ասացին, որ պիտի այդ գումարի 24 տոկոսը 2 տարվա ընթացքում վճարեմ, այսինքն` 175.000-ի փոխարեն 215.000 դրամ: Ինչո՞ւ են մեզ խաբում, միեւնույն է, տոկոսներ վճարում ենք: Խնդրում եմ պարզաբանել:
մանկավարժ
ՊԱՏԱՍԽԱՆ. Զրո տոկոս տոկոսադրույքով հեռուստացույցներ «Սամսունգ» ֆիրմային խանութների ցանցում եղել են միայն դեկտեմբեր ամսին: Եթե խոսքը դեկտեմբեր ամսվա մասին է, ապա եղել են ապառիկի մի քանի ձեւեր` տարբեր բանկերում: Զրո տոկոսով միայն «Ինեկոբանկ»-ն է մեզ հետ աշխատել: Ընդհանրապես զրո տոկոսից կարող են օգտվել այն դեպքում, եթե քաղաքացին այդ գումարը պիտի վճարեր տասներկու կամ տասնութ ամիսների ընթացքում, իսկ եթե պայմանագիրը երկու տարով է կնքվել, ապա դա արդեն 24 տոկոս տոկոսադրույքով է եղել: Բոլորը տեղեկացված են եղել, նախ հսկիչ-վաճառողն է տեղեկացնում գնորդներին, եւ բացի այդ, բոլոր մոդելների վրա մեծ տառերով նշված է եղել: Եթե նա վերցներ տասներկու կամ տասնութ ամսով, ապա բանկին տոկոս չեր մուծի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սովորաբար ոչ միայն էլեկտրատեխնիկայի, այլեւ մյուս ապրանքների գովազդները նույնպես, հատկապես տոներից առաջ, հեղեղված են լինում նման անհեթեթ ու անիրական զրոներով: Սակայն դժվար է պատկերացնել, որ որեւէ բանկ որեւէ քաղաքացու հենց այնպես դրամական միջոցներ տրամադրի ավելի ուշ այդ գումարը մաս-մաս վերադարձնելու պայմանով: Առավելագույնը, որ կարելի է ակնկալել նման առաջարկներից, խանութի կողմից դժվար վաճառվող ապրանքի որոշ տեսակների վրա սահմանվող զեղչն է: