Նոր օրինագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. պատգամավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է նախաձեռնել, ըստ որի՝ առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:  

Որոշման նախագիծը նախարարությունը խորհրդարանին կներկայացնի այս ամիս:

Armlur.am-ը ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանից և նույն հանձնաժաղովի, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից փորձեց ճշտել նրանց վերաբերմունքը վերոհիշյալ նախագծի մասին:

Պարզվում է` ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դեմ է այս նախագծին և այդ մասին նամակով տեղեկացրել է Առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է մարդկանց գիտակցության վրա աշխատենք, անհանդուրժողականություն ստեղծենք նման մոտեցումներին», – նշեց նա, հավելելով, թե այս նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Ի տարբերություն պարոն Բաբլոյանի` ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կողմ է այս օրինագծին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պաշտպանված չէ աղջիկ երեխաների ծնվելու իրավունքը:

«Շատ դեպքերում, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումներ են լինում, և հենց դրա արդյունքում են աղջիկները քիչ ծնվում: Եթե մենք նորմալ երկիր ենք, նորմալ ժողովուրդ ենք` մեզ համար պետք է կարևոր չլինի` երեխան տղա է, թե՝ աղջիկ: Կարևորը որ ծնելիություն լինի, հղիությունը ժամանակից շուտ չընդհատվի, հետևաբար շատ ճիշտ է այս մոտեցումը», – նշեց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ այս օրինագիծը քննարկվել է նաև իրենց հանձնաժողովի ներսում, եղել են տարակարծումներ, իսկ օրինագծին հիմնականում կողմ են որոշ կին պատգամավորները:

Մեր այն դիտարկմանը, թե նման օրինագիծն արդյոք կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակում, նա նշեց, թե չեն բացառվում.

«Բայց անկախ նրանից, որ որոշ բժիշկներ և ծնողներ կպայմանավորվեն, թե՝ ոչ, շատ դեպքերում այս օրենքը կաշխատի», – եզրափակեց նա:




Լրահոս