Հայաստանյան իրականության վերաբերյալ «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերից հերթականը պատմում է ամերիկացի դիվանագետների և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Այն կայացել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով` 2009թ. սեպտեմբերի 25-ին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները` կենտրոնանալով գլխավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Քոչարյանը հստակորեն արտահայտել է իր դժգոհությունները` չվարանելով անգամ քննադատական խոսքեր հնչեցնել Սերժ Սարգսյանի ու Հայաստանի քաղաքական ուժերի հասցեին:
Քոչարյանն առաջին հերթին քննադատել է Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` նկատելով, թե Սարգսյանը մեծ ռիսկի է գնում: Նրա համոզմամբ` հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջում «Թուրքիան շարունակելու է ձգձգողական քաղաքականությունը եւ ոչ մի օգուտ Հայաստանին այդ ամենը չի բերելու»: Քոչարյանը զգուշացրել է, որ դրսի խաղացողները ոչ մի պարագայում իրավունք չունեն ճնշումներ գործադրել Սերժ Սարգսյանի նկատմամբ, ինչը կարող է հակադարձ ազդեցություն առաջացնել: Ավելին` Քոչարյանի կարծիքով` եթե «այս պրոցեսը տապալվի, հայ հանրությունը դրա հիմնական մեղավոր է ճանաչելու Միացյալ Նահանգներին»: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն սադրանքի է ենթարկել դեսպանին` մոռանալով, թե հայ հանրությունը հենց իրեն ինչերում է մեղավոր համարում:
Քոչարյանը Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործողությունները բավականին բացասական է գնահատել, ըստ նրա` դրանք «հայությանը մանևրներից զրկող քայլեր են»: Քոչարյանի համոզմամբ` իրավիճակն այնքան էլ աղետալի չէ Սարգսյանի համար, բայց նա կարիք չունի այսօրինակ բարդ ռիսկերի գնալ:
«Հարաբերությունների բարելավման գործընթացի տապալումը խիստ հավանական է և սահմանի փակ մնալը միայն ու միայն կխամրեցնի Սարգսյանի նախագահությունը եւ Սփյուռքի հետ հարաբերությունները»,- նկատել է նախկին նախագահը` հավելելով, որ ինքը միշտ էլ ուշադիր է եղել Թուրքիայի հետ կապերի վերագործարկման ուղղությամբ, բայց ՙերբեք դրան չէր գնա նման արձանագրություններով»:
Ամերիկացի դիվանագետը փաստաթղթում հանդես է գալիս առանձին մեկնաբանությամբ ու արձանագրում` «հաշվի առնելով նրա (Ռ. Քոչարյանի-խմբ) ու մեր գործակցությունը նախագահ եղած ժամանակ` կարող ենք վստահաբար պնդել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ նրա պնդումներն իրականում անհամոզիչ են»:
Փաստաթղթղի հեղինակը տեղեկացնում է, որ Քոչարյանը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ պետք է Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները եւ հաստատի սահմանի վերաբացումը, երբ 1993թ-ին սահմանը փակելիս նման գործընթաց տեղի չի ունեցել: Քոչարյանի համոզմամբ` թուրքերը շահարկել են արձանագրությունները, և Սարգսյանն էլ ջանքեր է թափում կարգավորման գործընթացը հաջողեցնելու համար:
Դրանով հանդերձ` «թուրքերը ձգձգում են, ինչն ուղղկիորեն վնասում է Հայաստանի շահերին: Եթե նրանք ուզում են հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը, ընդամենը պետք է ստորագրեն փաստաթուղթ, որն ասում է, թե ուզում են հարաբերություններ կառուցել ու ապա բացեն սահմանը»,- իր բարկությունն է արտահայտել Քոչարյանը:
Նա նաև ընդգծել է, որ եթե ինքը լիներ երկրի նախագահը, վերջնաժամկետ կտար թուրքերին վերը նշված երկու քայլերի համար.«Այժմ թուրքերն են գործընթացի թելադրողը եւ մենք ոչ մի մանեւրի տեղ չունենք՚» Նա նաեւ զգուշացրել է, որ Հայաստանը մտել է մի պերմանենտ գործընթացի մեջ, որը «ռիսկային է ու կարող է ոչ մի արդյունքի չհանգեցնել»:
Քոչարյանի պնդմամբ` ինքը զգալիորեն զարմացել է, երբ իմացել է, որ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը համաձայնել է ստորագրել պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի տակ: Նախկին նախագահի կարծիքով` «պետք է ստեղծել լոկ միջկառավարական մի հանձնաժողով, որը կքննարկեր երկուստեք հիմնահարցերը` լայն դիապազոնով՚» ԱՄՆ դեսպանի բնորոշմամբ` վշտացած տեսք ստանալով, Քոչարյանն ավելացրել է, որ «հիմա Սերժ Սարգյսանը ստիպված է կատարել անպետք ու անցանկալի համաշխարհային շրջագայություն դեպի սփյուռքահայ համայնքներ` պաշտպանելու արձանագրությունները»:
Դեսպան Յովանովիչը հետաքրքրվել է Քոչարյանից, թե նա ի՞նչ կարծիք ունի տեղական ընդդիմության` արձանագրութունների հանդեպ ունեցած վերաբերմունքի շուրջ: Քոչարյանը նկատել է, որ հայաստանյան կուսակցությունները Սերժ Սարգսյանի համար խոչընդոտ լինել չեն կարող: Նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կարող էր խուսափել ՀՅԴ-ի բողոքից, եթե նրանց հետ խորհրդակցեր արձանագրությունների առանցքային կետերի շուրջ.
«Երկու բառ հստակեցնելուց հետո դաշնակների քննադատությունը կարելի էր չեզոքացնել»: Հետաքրքիր է, թե այդ ո՞ր երկու բառի մասին է խոսքը: Հավանաբար իր նախագահության շրջանում Քոչարյանը ՀՅԴ-ի աջակցությունը ստացել է հենց երկու բառով: ԱՄՆ դեսպանը զարմացել է, երբ Քոչարյանն արհամարհական ձեւով է արտահայտվել ԲՀԿ-ի մասին. «Դա մեկ մարդու կուսակցություն է, որը ոչինչ չունի ասելու», – նշել է Քոչարյանը:
Մ. Յովանովիչը ընդգծել է, որ իր համար հատկապես զարմանալի է այս գնահատականը, քանզի հանրային ընկալումներով Քոչարյանը համարվում է ԲՀԿ թիկունքը եւ դեռ շարունակում է այդ կուսակցության գործերում ներգրավված լինել:
Նժդեհ Հովսեփյան