
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ, փետրվարի 10-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վահան Շահբազյանը: Վերջինիս փոխարեն բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել համալսարանի հենակետային վարժարանի տնօրեն Աշոտ Պապոյանը: Նախարարի որոշմամբ, առաջիկայում բուհում նոր ռեկտորի ընտրություններ են անցկացվելու: Գյումրիում լուրեր են շրջում այն մասին, թե իշխանություններն այսկերպ պատժել են Շահբազյանին: Վերջինս այս օրերին տարբեր հեռուստաընկերությունների եթերից հայտարարել է, որ ինքն անկուսակցական է, ոչ մի քաղաքական ուժի նկատմամբ համակրանք չունի և որ առաջիկա ընտրություններին չի պատրաստվում սատարել ոչ մի կուսակցության` թեկուզ դա լինի Հանրապետականը: Իսկ բուհի ուսանողներին էլ գրեթե միշտ խորհուրդ է տվել բուհի ներսում քաղաքականությամբ չզբաղվել: Թերթը նաև նշում է, որ ռեկտորը հակված է մտածել, որ իր պաշտոնանկությունը պայմանավորված է 65 տարին լրանալու հետ, ինչի մասին վերջինս նշել է թերթի հետ զրույցում: