Հայաստանի քրեական հեղինակությունների շրջանում լուրջ խմորումներ են ընթանում: Թեեւ ՀՀ ոստիկանությունն ինչ-ինչ նախականխիչ գործողություններով փորձում է զսպել«օրենքով գողերի» միջեւ հնարավոր բախումները, այնուամենայնիվ, իրավիճակը չի հանդարտվում:
Ծեծը դարձել է հեռախոսային հիթ
Հիշեցնենք, թե ինչից փոթորկեց Հայաստանի քրեական դաշտը: Այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գեւորիկին, եւ նրանց խոսակցությունը չէր ստացվել:
Օշականցին հայհոյել էր իր հետ խոսողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր` առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետեւ նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին` խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր:
Օշականցի Գեւորիկի, Տույի եւ Լյովիկի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գեւորիկին եւ իր ուղեկիցներին: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այդ ծեծը տեսանկարահանվել է` ամենայն մանրամասնությամբ, եւ այսօր գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա է Գեւորիկի ծեծի ողջ ընթացքը` վիդեոյով:
Բանն այն է, որ «գողական աշխարհի օրենքների «համաձայն` օրենքով գողին ծեծելը անպատվաբեր է, ուստի Օշականցի Գեւորիկը պետք է համարժեք պատասխան տա Լյովիկին, Տույին ու նրանց թիմին: Իսկ եթե չհաջողվի անել, ապա Գեւորիկը պարզապես կդադարի օրենքով գող համարվել:
Լյովիկի ժամանցի վայրը
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ սպասվելիք այս բախումը հարթելու համար Ռուսաստանի Դաշնությունից մի շարք քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր», այդ թվում եւ գյումրեցի գող Անդրանիկ Սողոյանը` Զապ մականունով, եկել էին Հայաստան` երկու խմբավորումների միջեւ առաջացած թնջուկը կարգավորելու: Հայաստանում էլ քրեական որոշ խմբեր դիմել էին գող Ալոյին` հարցը կարգավորելու համար:
Հատուկ այդ առիթով նույնիսկ Դուբայում հավաք էր եղել (այդ մասին գրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ): Սակայն առայժմ ոչ մի արդյունք չկա: Ծեծի ենթարկված օշականցի Գեւորիկը շարունակում է փախուստի մեջ մնալ (հիշեցնենք, որ նա փորձել էր փախչել ՌԴ, սակայն Վերին Լարսի անցակետի մոտ արգելվել էր նրա մուտքը ՌԴ, ուստի Գեւորիկը վերադարձել է Հայաստան: Ուշագրավ է նաեւ այն, որ հայրենի իրավապահները չեն ձերբակալել նրան):
Ինչ վերաբերում է Երորդմասցի Լյովիկին, ապա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրեր առաջ նա բավականին անկաշկանդ կերպով այցելել է Երեւանի կենտրոնում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարան` մի խումբ թիկնապահների ուղեկցությամբ:
Մաքրում են զենքերից
Ինչպես հայտնի է, հայրենի քրեական աշխարհում սպասվելիք առճակատումները հանդարտեցնելու համար ՀՀ ոստիկանությունը սկսել է քրեական հեղինակությունների բնակարանները «սրբել» զենքերից:
Մենք գրել էինք, որ քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը պաշտպանում է Երրորդմասցի Լյովիկին, մի մասն էլ` Օշականցի Գեւորիկին: Ավելին` հակամարտող խմբավորումներին սկսել են «տանիք» կանքել քաղաքական դաշտի ներկայացուցիչները` իշխանության ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես, քրեական աշխարհից եղած արտահոսքի հետեւանքով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյանն աջակցում է Երրրոդմասցի Լյովիկն եւ ամեն ինչ անում, որ նա կատարվածից չոր դուրս գա եւ Հայաստանում կարգվի որպես թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով քրեական աշխարհում որոշ ներկայացուցիչների կողմից բավականին հարգված է, ամեն ինչ անում է Օշականցի Գեւորիկին սատարելու համար: Ավելին` վերջինս հնարավոր ամեն ինչ անում է, որ Երրորդմասցի Լյովիկը ներողություն խնդրի Օշականցի Գեւորիկից:
Վարչապետի որդու գործընկերը:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նույն քրեական աղբյուրներից եղած արտահոսքի հետեւանքով մեզ հասած տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկն ընդհանուր բիզնես ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի հետ (գազալցակայան), ուստի դա է պատճառը, որ վարչապետն ամեն կերպ պաշտպանում է նրան: Ավելին` Հովիկ Աբրահամյանն այս հարցում մենակ չէ, նրան Երրորդմասցի Լյովիկին պաշտպանելու եւ Օշականցի Գեւորիկին գահընկեց անելու հարցում սատարում են ՀՀ որոշ նախարարներ:
Նկատեցի’ք` իշխանությունների ուշադրությունը դեպի Երրորդմասցի Լյովիկի անձը առավել մեծ է: Իսկ ահա քրեական հեղինակությունների շրջանում նույն Լյովիկի արարքը համարվում է լկտիություն, ինչն անպատիժ թողնել չի կարելի: Թե որքան ժամանակ Լյովիկը կկարողանա իր քաղաքական «տանիքի»տակ խուսափել քրեական պատժից, ժամանակը ցույց կտա:
Քրեաքաղաքական անկում
Այս իրավիճակում, թերեւս, մեկ եզրահանգում է պետք անել. Հայաստանում գործող իշխանությունը վարկաբեկելով եւ իրենով անելով առկա գրեթե բոլոր ինստիտուտները` սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից, Ազգային ժողովից, կառավարության կազմից մինչեւ լրատվական դաշտ, հիմա էլ որոշել են ամեաակտիվ ձեւով դրսեւորվել կրիմինալ դաշտում` այն եւս «իրենցով անելով»:
Իսկ հիմա ամենակարեւոր հարցի մասին. ինչպես պետք է լուծվի քրեական աշխարհում առկա այս խնդիրը. այդ աշխարհի ներկայացուցիչներից«Ժողովուրդ»ին բացատրեցին, որ «ողական օրենքի՚» համաձայն` Գեւորիկի եւ Լյովիկի ծեծի պատմությունն առանց արյունահեղությունների կավարտվի միայն այն ժամանակ, երբ Օշականցի Գեւորիկը հրապարակային ապտակի Երրորդմասցի Լյովիկին եւ կպաշտպանի իր` «գողի» տիտղոսը: Բնականաբար, Լյովիկը դիմադրում է: Տեսնենք` ինչով կավարտվի պատմությունը:
Թամարա Միքայելյան