Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի, 1994 թվականին ծնված ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Գառնիկ Մարդոյանը նույն զորամասում համածառայակիցների և սպայական անձնակազմի շրջանում սուտ լուրեր է տարածել, թե ինքը համասեռամոլ է:
Սրա արդյուքում էլ շարքային զինծառայող Գ.Մարդոյանը 2013թ. նոյեմբերի 5-ին տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք և ընդունվել ստացիոնար բուժման:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ զորամասում դրսևորելով շինծու վարք` Մարդոյանը նպատակ է ունեցել զիվորական ծառայության պարտականությունների ժամանակավոր դադարեցման:
Դեպքի առթիվ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քր. գործ` ՀՀ ՔՕ 363 հոդվածի 3 մասի չափանիշներով, այն է` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը` պատժվում են ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
Գառնիկ Մարդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Տեղեկացնենք նաև, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, նույն զորամասի զինծառայող, կոչումով շարքային 23-ամյա Ալբերտ Մկրտչյանը 2013թ. հոկտեմբերի 16-ին, այնուհետև` 22-ին, ընդգրկված լինելով զորամասի ներքին վերակարգում, որպես վաշտի հերթապահ, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքային կանոնները` վիրավորել և ապտակներ է հասցրել իր հետ վերակարգում որպես օրապահ ընդգրկված Գառնիկ Մարդոյանին` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Դեպքի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 360 հոդվածի 1և 2 մասերով: Քր. հոդվածի չափանիշների համաձայն` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ա.Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Տաթև Հարությունյան